Ի՞նչ է իրականում տեղի ունենում․ Հայաստանի զոհաբերության գինը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է  ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հուլիսի 28-ին էլ 12։00 սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե այսօր ինչով է պայմանավորված Ադրբեջանի նմանօրինակ պահվածքը, երբ, ըստ էության, Հայաստանը ակտիվ բանակցություններ է տանում խաղաղության օրակարգի շուրջ։ Պարոն Զաքարյանի խոսքով՝ «Պատերազմից հետո Ադրբեջանի այս գործողությունները բողոք չեն կամ ագրեսիա չեն Արցախի ինքնորոշման իրավունքի հարցի դեմ, որովհետև նման հարց կապիտուլյանտները չեն դնում, այլ ըստ էության բողոք են կապիտուլյանտների գործողությունների դեմ»։ Հաշվի առնելով Փաշինյանի վարած քաղաքականությունը՝ բոլորին ամեն ինչ խոստանալու, Ադրբեջանը այս ամենով զգուշացնում է, որ ագրեսիայի հնարավորությունը չի սպառվել, և այդ կրակոցներն ապացուցում են, որ խաղաղության մասին պատկերացումները տրամագծորեն տարբեր են, և խաղաղության համար բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության հաշվին։

Խոսելով Ղրղզստանում ընթացող թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հավաքի մասին, որտեղ Ադրբեջանի ՊԱԾ պետ Ալի Նաղիևն ընդգծել է, թե «թուրանական աշխարհի» ձևավորմանը խոչընդոտում են Հայաստանի «ռևանշիստները» և Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ Արտակ Զաքարյանը ընդգծեց ընդդիմության դերակատարաթյունը և հետագա անելիքները։

Պարոն Զաքարյանի հետ անդրադարձ է կատարվել նաև Թեհրանում կայացած Իրան-Ռուսաստան- Թուրքիա հանդիպմանը և ԱՄՆ դեսպան Թրեյսիի այն դիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում ԱՄՆ-ը պատրաստ է նստել Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ։ Ինչ է այս ամենը նշանակում, և ինչ հնարավորություններ ընձեռում։

Մանրամասները՝ տեսանյութում