Կառավարությունը գերակա շահ ճանաչեց Խանջյան 7 բազմաբնակարան շենքը՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շրջանակներում

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց հանրային գերակա շահ հայտարարել հերթական բազմաբնակարանը՝ Ֆիրդուսի թաղամասը Խանջյան փողոցին միացնող Խանջյան 7 շենքը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Դեռևս 2015 թվականին Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (ֆիրդուսի) կառուցապատման հայեցակարգով որոշված իրացման սահմաններում ներառված էր նաև Խանջյան 7 բազմաբնակարան շենքը: Շենքի իրացման սահմաններում ընդգրկելը բխում է տարածքի կառուցապատման հայեցակարգից, այն է՝ ապահովել եռաճառագայթ հիմնական տրանսպորտային և հետիոտն մոտեցումներ տարածքը երիզող երեք գլխավոր փողոցներից (Տիգրան Մեծ, Խանջյան և Բյուզանդ), որոնք բացվում են կենտրոնական օղակաձև հրապարակի վրա:

Ներկայումս տարածքը ամբողջապես բաժանված է տարբեր ներդրող ընկերությունների միջև, ՀՀ կառավարության կողմից այն վերահսկվում է և կառուցապատողներն աշխատում են տարածքի իրացման և նախագծերի մշակման ուղղությամբ:

Ուստի նախորդ դարի 30-ականներին կառուցված ֆիզիկական հնամաշ շենքը, որը լուծված է հանրակացարանային, միջանցքային սկզբունքով, անհրաժեշտ է ներառել իրացման սահմաններում: Սա հնարավորություն կտա ոչ միայն լուծելու հատակագծային կառուցվածքի խնդիրները, այլև կազմակերպելու լայն մայթերով հետիոտնի մոտեցումները, այդ թվում նաև Խանջյան փողոցի մասով»: