Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը. նա տեղափոխվել է հիվանդանոց․ ՈՒՂԻՂ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հուլիսի 28-ին, ընթանում է Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։

Աղվան Հովսեփյանը դատական նիստին ներկա չէ։ Նա տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ՝ ծանր ընթացքով։ Շուրջ 10 ամիս կալանքի տակ գտնվող Հովսեփյանը շարունակում է ստանալ մեծ չափաբաժնով ինսուլին։

Նրա առողջական վիճակն ուսումնասիրելու համար դատավոր Մարտիրոսյանի որոշմամբ նշանակվել է փորձագիտական խումբ։ Այսօր դատական նիստին ներկայացել են փորձագետներ Արթուր Պետրոսյանը եւ Նաիրա Բաբայանը։

Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: