ՊՎԾ-ն անհամապատասխանություններ է գտել գնման ընթացակարգերում

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։

Ծառայությունը 2022 թ. 1-ին կիսամյակում մշտադիտարկել է 2154 գնման ընթացակարգերի հրավեր, որտեղ արձանագրվել է 96 դեպքով գնման ընթացակարգի անհամապատասխանություն «Գնումների մասին» գործող իրավակարգավորումներին: Համապատասխան մարմինների պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող առաջարկություններ, որոնց արդյունքում 84 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն:

Զուգահեռ իրականացվել է նաև մշտադիտարկում՝ հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմիններին տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը: Մասնավորապես, 7 դեպքով՝ գնումների գործընթացներին իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով՝ 2 դեպքով լուծվել են արդյունքում կնքված պայմանագրերը, իսկ 5 դեպքով պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

2022 թ. 1-ին կիսամյակում իրականացված վերահսկողական գործընթացների արդյունքում թվով 13 տեղեկանք ներկայացվել է ՀՀ վարչապետին, արդյունքում 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, 1-ի մասով ՀՀ վարչապետի կողմից տրվել են 5 պետական մարմնի ղեկավարների՝ ծառայողական քննություններ նախաձեռնելու հանձնարարականներ, 3-ի մասով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լիազոր մարմինների կողմից նախաձեռնվել է ոլորտը բարելավելու օրենսդրական փոփոխություններ:

ՀՀ ոստիկանություն է ուղարկվել պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունների այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք, որի արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից, որպես ոլորտի լիազոր մարմին, կասեցվել են 3 պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին տրված հատուկ թույլտվությունները (լիցենզիա), իսկ 3-ի մասով հայտ է ներկայացվել դատարան:

Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ծառայության կողմից իրականացվող ամենօրյա վերահսկողական գործողությունները կրում են շարունակական բնույթ։