Իրանը և ՌԴ-ն SWIFT-ի նման միջբանկային վճարային համակարգ կստեղծեն

Իրանն ու Ռուսաստանը աշխատում են SWIFT-ի նման միջբանկային վճարային համակարգի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի՝ տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։ Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ այդպիսի համակարգի մեկական տարբերակ են առաջարկել:

«Այժմ մենք գրեթե շատ լավ համաձայնության ենք հասել, որի հիման վրա կարող ենք արժութային գործարքներ կատարել երկու երկրների միջև»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սաֆարին։

Մարտի 12-ից SWIFT-ը դադարել է ծառայություններ մատուցել ռուսական բանկերին, որոնք Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիային ի պատասխան սահմանված ԵՄ պատժամիջոցների տակ են ընկել: Ռուսաստանը Հնդկաստանին առաջարկել է օգտագործել SWIFT-ի անալոգը, այդ նախաձեռնությունը քննարկվել է նաև Իրանի հետ։ Փորձագետները կարծում են, որ SWIFT-ի ռուսական փոխարինումը միայն ներքին գործառնություններ կկարողանա իրականացնել: Հունիսին «Ռոստեխ»-ը SWIFT-ին փոխարինող բլոկչեյն հարթակ էր ներկայացրել: