Սա քաղաքական պատվեր է իմ դեմ, սրանով Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարում իմ բերանը փակելու

Հայաստանի դատարանները քայլականների իշխանության օրոք աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ, քանի որ նրանց թեթև ձեռքով ներմուծվեց մի մշակույթ, երբ հենց իշխանության ներկայացուցիչը զրպարտում է նախկին իշխանավորներին կամ նրանց սատարողներին և հետո դատարանում պատասխանատվության ենթարկվում, մյուս կողմից էլ իշխանությունները տարբեր դատական գործերով ու հայցերով փորձում են լռեցնել քաղաքականապես ակտիվ գործիչներին․ եթե հնարավոր չէ քրեական գործ հարուցել, գոնե վարչական հայցերով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել ու ֆինանսական ճնշումներ գործադրել։

Հուլիսի 26-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դանիել Մխեյանի նախագահությամբ այդպիսի հերթական գործերից մեկն էր քննվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած հայցով՝ ընդդեմ քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանի։ Ի դեպ, նույն գործով պատգամավորը դատական հայցեր է ներկայացրել նաև Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի, Մարինա Խաչատրյանի դեմ։ Նիկոլ Փաշինյանի աներձագը դատարանից ակնկալում է պարտավորեցնել Գագիկ Համբարյանին՝ հրապարակայնորեն հերքել իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ իբրև առկա՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող ու զրպարտող արտահայտությունները՝ Հրաչյա Հակոբյանի հասցեին և ներողություն խնդրել հայցվորից՝ վճարելով նաև 2 մլն դրամ գումար իբրև փոխհատուցում:
Խոսքը դեռ երկու տարի առաջ՝ 2020 թվականին ՌԴ Կրասնոդարի օդանավակայան ժամանած օդանավի դեպքի մասին է, որում ռուսաստանյան մաքսային ծառայության աշխատակիցները մեծ քանակությամբ՝ մոտ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ էին հայտնաբերել՝ հայկական ակցիզներով։ Ըստ ռուսաստանյան մաքսային ծառայության հաղորդագրության՝ ապրանքը Կրասնոդարի և Դուշանբեի կանգառներով Հայաստանից Աֆղանստան էր տեղափոխվելու։ Ավելի ուշ հայկական լրատվամիջոցներով ու թելեգրամյան ալիքներով սկսեցին տեղեկություններ տարածվել մաքսանենգ ուղեբեռի հնարավոր տիրոջ մասին, հիմնականում շոշափվում էր Հրաչյա Հակոբյանի անունը։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հետևում էր այդ լուրերին ու մաքսանենգ ուղեբեռ տեղափոխող օդանավի պատմության հետագա զարգացումներին՝ երբեմն-երբեմն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ կատարելով լրատվական հրապարակումներին։ Այդպիսի գրառումներից մեկի առնչությամբ է Հրաչյա Հակոբյանը դիմել դատարան՝ ընդդեմ Գագիկ Համբարյանի, և հուլիսի 26-ին դատարանում այդ գործով հերթական նիստում ապացույցների հետազոտման փուլն էր։

Գագիկ Համբարյանը դատական նիստի ընթացքում ներկայացնելով 2020 թվականի մայիսի երկուսին իր կատարած գրառումը, որտեղ նշել էր, թե «չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի գլխավոր աներորդին ավելի վաղ կտրականապես հերքել է այդ տեղեկությունը (մաքսանենգ ծխախոտի հետ առնչություն ունենալու մասին Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ Խմբ․), երեկ՝ մայիսի մեկին, բազմաթիվ ԶԼՄ-ներ մանրամասն տեղեկություններ հրապարակեցին, թե, բացի Հրաչյա Հակոբյանից, էլ ովքեր են ներգրավված եղել այդ հանցավոր գործողության մեջ»։

Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ Հրաչյա Հակոբյանը ոչ թե վրդովվել է լրատվամիջոցների վերահրապարակած Infoport թելեգրամյան ալիքում տպագրված հոդվածի բովանդակությունից, որում նաև Հրաչյա Հակոբյանի անունն էր նշված որպես մաքսանենգ ծխախոտի հետ անմիջական առնչություն ունեցող անձ, այլ նա զրպարտություն է համարել Գագիկ Համբարյանի գնահատողական դատողությունը մաքսանենգությանը, որը նա համարել է հանցավոր գործողություն։ LIVEnews.am-ի հետ զրույցում քաղաքագետը զարմացավ՝ որքան գիտեմ՝ մաքսանենգությունը քրեական գրքով պատժվող հանցագործություն է։ «Ուրեմն ի՞նչ զրպարտության մասին է խոսքը, եթե ես ընդամենը մաքսանենգության վերաբերյալ գնահատողական դատողություն եմ արել։ Իսկ մնացյալը երկու տասնյակից ավելի լրատվամիջոցներում վերահրապարակված հոդվածին հղումներն են։ Ինչպես դատական գործից հասկացաք՝ հայցվորը խնդիր չունի ԶԼՄ-ների տարածած նյութի բովանդակության հետ, նա ընդունում է, որ այդպիսի բան եղել է։ Նա չի ասում՝ սուտ է ասում պարոն Համբարյանը, ասում է՝ ես հանցագործություն չեմ արել։ Թեև ավելի վաղ՝ մարտին, հերքել էր մեկ այլ գրառման բովանդակություն մաքսանենգ ծխախոտի գործին իր մասնակցության վերաբերյալ, բայց մայիսի մեկի հրապարակումների բովանդակության հերքում չի եղել, Հրաչյա Հակոբյանը սկզբնաղբյուր կայքին չի պարտադրել հերքում հրապարակել, նրա դեմ դատական հայց, որքան գիտեմ, չի ներկայացվել, թեև Infoport-ի ֆեյսբուքյան էջում անգամ իրենց հեռախոսահամարն էր նշված և հեշտությամբ կարելի էր պարզել ալիքը վարողների ով լինելը։ Հիմա ինձանից պահանջում, է, որ ես այդ ալիքի հոդվածի համար հերքո՞ւմ տամ ու ներողությո՞ւն խնդրեմ։ Եթե նա խնդիր չունի այն լրատվամիջոցների հետ, որոնք համապատասխան նյութն են հրապարակել, ինձ հետ կապված ի՞նչ խնդիր ունի, թող նախ հերքում պահանջի այդ լրատվամիջոցներից: Իշխանական պատգամավորն այս ամենը թողած՝ փորձում է ինձ մեղադրել, մեղսագրել մի բան, որի հետ ես որևէ առնչություն չունեմ: Հրաչյա Հակոբյանը պետք է հասկանա, որ չի կարելի պահանջել հերքել մի բան, որի հեղինակը ես չեմ»:

Գագիկ Համբարյանի դատապաշտպան Հարություն Հարությունյանը դատական նիստի ժամանակ հստակ ընդգծեց այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը բարեխղճորեն է վերաբերվել բազմաթիվ լրատվամիջոցներից ստացած տեղեկատվությանը՝ իր ֆեյսբուքյան գրառման մեջ տեղադրելով դրանց աղբյուրների հղումները՝ ամենայն մանրամասնությամբ։ Հետևաբար նրան չի կարելի մեղադրել զրպարտության մեջ․ «Գագիկ Համբարյանը պարզապես հղում է կատարել լրատվամիջոցներով հրապարակված տեղեկություններին և գնահատողական դատողություն է արել՝ ի դեպ նաև բարեխղճորեն նշելով Հրաչյա Հակոբյանի կողմից հերքման փաստի մասին։ Դատելով նրանից, որ գործում իրավական որևէ հիմք ես չեմ տեսնում, միգուցե այլ նպատակներ են հետապնդում այս հայցը ներկայացնելով, այդ թվում բացառված չէ՝ քաղաքական, քանի որ Գագիկ Համբարյանն ակտիվ վերլուծաբան է»։

Գագիկ Համբարյանը ևս կարծում է, որ իր դեմ ներկայացված դատական հայցը պարզապես քաղաքական հետապնդում է, որով փորձում են վախեցնել ու լռեցնել իրեն։ «Ես 2020 թվականի մայիսի կեսերին, երբ հայցի մասին նամակը ստացա, ասացի, որ սա քաղաքական պատվեր է իմ դեմ, սրանով Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարում իմ բերանը փակել»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերին, բայց պատասխանող կողմի վստահորդը հույս ունի, որ դատավոր Դանիել Մխոյանը սթափ կվերաբերվի գործին՝ որպես անաչառ դատավոր և ամբողջությամբ կմերժի հայցը՝ չվախենալով քաղաքական հետապնդումներից։

Թագուհի Ասլանյան