Թուրքերն ու ադրբեջանցիներն ի՞նչ են դրել «Նիկոլի վզին»
Պնդել, թե «մածունը սև» է` կնշանակի ստել ու դիմացինին հիմարի տեղ դնել, կամ էլ հիմարը նման պնդում անողն է:
Հիմա, երբ ՔՊ-ականներն անդադար պնդում են, թե հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չկան նախապայմաններ, թուրքական կողմն իրենց հետ չի խոսում նախապայմանների լեզվով, մտածում ես` կամ Փաշինյանի խմբակում գերակշիռ մասը հիմարներ են, կամ ուզում են հիմարացնել մի ողջ ժողովրդի:
Գանք հերթով:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ժամանակահատվածում` սկսած 90-ականներից, Թուրքիան երբևէ չի դադարել մեր երկրի հետ խոսել նախապայմանների լեզվով: Հայտնի ֆուտբոլային դիվանագիտությունը ևս տապալվեց, ցյուրիխյան արձանագրություններն էլ մնացին դարակներում հենց այն պատճառով, որ Թուրքիան Հայաստանի առաջ դրել էր կոնկրետ նախապայմաններ: Այն ժամանակ թուրքական նախապայմաններն ուղղակիորեն առնչվում էին Արցախին ու Արցախյան հիմնախնդրի ադրբեջանանպաստ լուծմանը: Թուրքիան ամեն ինչ անում էր Հայաստանին իր ծուղակը գցելու և Արցախի հարցում զիջումներ կորզելու համար: Չհաջողեց: Հայաստանի նախկին իշխանությունը հրաժարվեց կատարել թուրքական նախապայմանները, չգնաց դավաճանական քայլի:
Սակայն այսօր ամբողջությամբ հակառակ իրավիճակ է: Մասնավորաբար, 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ ենթարկվում է թուրքական պարտադրանքներին, առաջնորդվում թուրքական օրակարգով, ասել է թե վարում է թշնամի պետության կողմից պարտադրված, հայկական շահերից չբխող արտաքին քաղաքականություն:
Բոլորովին վերջերս թուրքական պետական «TRT» ցանցի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին, շեշտել էր, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և միայն Ադրբեջանի հետ խնդիրները լուծելուց հետո Անկարան կբացի հայ-թուրքական սահմանը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ևս հայտարարել էր հայ- թուրքական հարաբերություններում Ադրբեջանի դիրքորոշումների կարևորության մասին, պարզ ասելով. «Հայ-թւորքական կարգավորումը եռակողմ գործընթաց է ու ամեն ինչ համաձայնեցվում է Բաքվի հետ` անկախ նրանից, դա հայկական կողմին դուր կգա՞, թե ոչ»:
Նույնպիսի շեշտադրմամբ են խոսում նաև թուրք տարբեր պաշտոնյաներ` Հայաստանին հստակ մեսիջ հղելով, որ քանի դեռ Հայաստանը չի լուծել հարցերը Ադրբեջանի հետ` հայ-թուրքական հարաբերություններն առաջ շարժվել չեն կարող:
Ի՞նչ են սրանք, եթե ոչ թուրքական նախապայմաններ:
Իսկ հիմա դառնանք նախապայմաններին կամ նախապայմանների փաթեթին, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան` ջհանգիրյանական լեզվով ասած, դրել են «նիկոլի վզին»:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնի հարցազրույցում ասել էր․ «Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային համագործակցության ու խաղաղության տեսանկյունից կիսում է Անկարայի մտքերը»: Հարց է առաջանում` այդ ինչի՞ց է գոհունակություն ապրել ու ոգևորվել Էրդողանը, Անկարայի ո՞ր տեսակետներն են ընդունվել Փաշինյանի կողմից:
Թուրքիան մեկ անգամ չէ, որ շեշտել է, թե տարածաշրջանային համագործակցություն ու խաղաղություն ասելով՝ հասկանում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում` Արցախը ներառյալ, այսինքն` Արցախի ամբողջական հանձնում Ադրբեջանին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում, թուրքական վերահսկողության հաստատում հայկական Սյունիքի վրա, հրաժարում Հայոց ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից, Հայ դատից… Սրանց ավելանում են Ադրբեջանի պահանջները` Արցախից հրաժարում, Հայկական զորքերի դուրս բերում Արցախից (ինչը ի կատար ածեց ՀՀ իշխանությունը), Լաչինի միջանցքի հանձնում` Բերձոր, Աղավնո, Սուս գյուղերով հանդերձ, Հայաստանի տարածքների հանձնում` անկլավների անվան տակ, ռազմավարական կարևորագույն ճանապարհների հանձնում (Գորիս-Կապանն արդեն հանձնված է), և այսպես շարունակ: Այո, թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը բացվել է, հարմար պահն է մինչ վերջ ոչնչացնել Հայաստանը…
Եվ ուրեմն, երբ Էրդողանն ասում է, որ Փաշինյանը համաձայնել է տարածաշրջանում Անկարայի քաղաքականության ու խաղաղության օրակարգին, կնշանակի Փաշինյանն ընդունել է թուրքական բոլոր նախապայմաններն ու պահանջները: Այս ամենից այլ հետևության հանգել չենք կարող:
Որքան էլ Փաշինյանի ՔՊ խմբակի անդամները` Էդուարդ Աղաջանյանը (նույն ինքը`դիջեյ Էդոն) ու ադրբեջանցիների հետ թռվռալով բայրամ տոնած Կարապետյան Մարիան փորձեն իրենց անտրամաբանական, նաև ցինիկ պատասխաններով խուսանավել լրագրողական հարցերից. որքան էլ Կարապետյանն անլրջորեն ասի` «պետք չէ շոկի ենթարկվել» Թուրքիա-Ադրբեջան հակահայկական համագործակցությունից, իսկ Էդուարդ Աղաջանյանը շեֆին փրկելու համար լրագրողին առաջարկի` «հարցադրումները ուղարկեք Էրդողանի գրասենյակ ու փորձեք հասկանալ, թե ի՞նչ նկատի ուներ Էրդողանը»` իրականությունը դրանից չի փոխվում: Իսկ իրականություն այն է, որ Փաշինյանը, այո, ընդունել է թշնամական երկրների` Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական բոլոր նախապայմանները` կործանման տանելով Հայկական պետականությունը:
Արմինե Սիմոնյան