Հայաստանում կստեղծվի արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների առաջին դպրոցը

Հայաստանում կստեղծվի արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների առաջին դպրոցը՝ Փարաքար համայնքում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարությամբ (ԳՏՏԿ) և բարերար Նշան Կարայանի ֆինանսական աջակցությամբ: Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնից հայտնում են, որ այս կապակցությամբ հուլիսի 22-ին ԳՏՏԿ-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Փարաքար համայնքի, «Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ:

ԳՏՏԿ գլխավոր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, ԳՏՏԿ-ը այս ծրագրի օպերատորն է և իրականացնելու ու ղեկավարելու է դպրոցի ողջ գործունեությունը: Նրա խոսքով, դպրոցի գլխավոր առաքելությունը լինելու է միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։

«Այստեղ հանգստյան օրերին մենթորների օժանդակությամբ տեխնոլոգիական արտադրանքներ են ստեղծելու աշակերտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից: Կարծում եմ, այս ծրագրի իրագործումը ևս մեկ մեծ քայլ է՝ ուղղված Հայաստանում Բարձր Տեխնոլոգիաների ոլորտի ապակենտրոնացմանը դեպի մարզեր և երիտասարդներին վաղ տարիքից ոլորտ ներգրավելուն»,- պատմել է Ամալյա Եղոյանը՝ հավելելով, որ դպրոցում թվային հմտությունները կիրառվելու են նաև ոչ թվային ոլորտներում: