CHW-ն հետևում է Մատաղիսի սբ. Եղիշա եկեղեցու կողքին տարվող հողային աշխատանքներին

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ուշադրւթյամբ հետևում է 1892-98 թթ. կառուցված Մատաղիսի սբ. Եղիշա եկեղեցու կողքին տարվող հողային աշխատանքներին։ Կազմակերպությունն արձանագրել է, որ հուլիսի 5-ի դրությամբ բազիլիկ եկեղեցին անփոփոխ է 2020 թվականի պատերազմից ի վեր: Սակայն եկեղեցու մոտ կատարվող հողային աշխատանքները մտահոգություն են առաջացնում:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքում եկեղեցու մասին պատմական ակնարկի համաձայն.

«Հարավային մուտքի բարավորին փորագրված արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունն ընթացել է 1892-98 թվականներին։ Արձանագրության մեջ ասվում է. «Շինեցաւ սուրբ Եղիշէի եկեղեցիս Մատաղիսա միաբան ժողովուրդականաց։ Սկսած է 1892 թ., ավարտված 1898 թ.» (նկ. 2)։ Մ. Բարխուդարյանցի 1894-95 թվականների այցելության ժամանակ եկեղեցին դեռ կիսակառույց էր և անկնունք  (Բարխուտարեանց 1895, 231)։ …

Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ կառուցված տեղական բաց դարչնագույն կոպտատաշ և սրբատաշ քարերով։ Հուշարձանի չափսերն են՝ 15,07 մետր երկարություն և 8,16 մետր լայնություն (նկ. 3, 4)։ Ներսի կողմից ամբողջությամբ սվաղված է։ Կիսաշրջան բեմը բարձր է, ունի երկու ավանդատուն, թաղակապ է, տանիքը՝ հողածածկ (նկ. 5)։

Մուտքը հարավային կողմից է, արևելյան կողմից բացվում է երեք, հարավային կողմից երկու, իսկ  արևմտյան կողմից՝ մեկ լուսամուտ։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Մատաղիս գյուղում Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թեժ մարտեր են ընթացել և հայտնի չէ, ինչ չափով է հուշարձանը տուժել։ Պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից սոցիալական կայքերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, ինչպես են զինվորական հագուստով մի քանի տղամարդ մտնում եկեղեցի, ջարդում սրբապատկերները։ Տեսանյութում երևում է նաև, որ հատակին կոտրված լցված են տարբեր առարկաներ (Մշակութային վանդալիզմ Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցում – Monument Watch)»։