Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները. Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները:

Չինաստան

  • Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է անհապաղ չեղարկել Թայվանին 108 մլն դոլարի զենք մատակարարելու մասին համաձայնագիրը։
  • Թայվանում երկուշաբթի մեկնարկել են HanKuang մեկաբաթյա զորավարժությունները, որի ընթացքում տեղի զինվորականները սցենարներ կմշակեն Հոնկոնգից չինական ուժերի հնարավոր հարձակման հետ կապված: Զորավարժություններում կգործարկվեն բոլոր տեսակի զորքերը՝ ցամաքային, օդային և ծովային։
  • «Պեկինը վճռականորեն դեմ է հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին Թայվան։ Նրա այցը լուրջ խախտում է Չինաստանի մեկ պետություն սկզբունքը և Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև կնքված երեք համաձայնագրերի դրույթները»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Չժաո Լիցզյանը և հավելել, որ հակառակ դեպքում դա բացասական ազդեցություն կունենա ամերիկա-չինական հարաբերությունների վրա։
  • Մեծ է հավանականությունը, որ Չինաստանը կարող է ռազմական գործողություն սկսել Թայվանում, նման սցենարը սպառնում է Ճապոնիային: Այս մասին ասված է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ամենամյա զեկույցում, որը կոչվում է «պաշտպանության Սպիտակ գիրք»։
  • Չինաստանի իշխանությունները Ճապոնիային նեկրայացրել են Տոկիոյի հրապարակած զեկույցի կապակցությամբ իրենց մտահոգությունները։ «Այս անգամ Ճապոնիայի կողմից հրապարակված «Սպիտակ գիրքը» զրպարտում է Չինաստանի քաղաքականությունը ազգային պաշտպանության ոլորտում։ Մենք արդեն լրջորեն ներկայացրել ենք այդ հարցը ճապոնական կողմին»,- հայտնել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուիչ Վան Վենբինը ճեպազրույցի ժամանակ:
  • Չինական տելեգրամյան ալիքները գրում են, որ Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան կարող են զինել Ռուսաստանին ամերիկյան HIMARS համակարգերը գերազանցող ռեակտիվ հրետանիով։
  • Հնդկաստանը Rafale կործանիչները տեղափոխել է Չինաստանի հետ սահման, Լադակհի հատված։

Թուրքիա

  • «Թուրքիան և Ուկրաինան հարաբերությունների ռազմավարական մակարդակ ունեն, հատկապես ավիատիեզերական և պաշտպանական ոլորտում»,- հայտարարել է Baykar Makina ընկերության գործադիր տնօրեն Սելջուկ Բայրաքթարը և հավելել, որ ընկերությունը երբեք չի վաճառի իր անօդաչու սարքերը Ռուսաստանին։
  • Թուրքական բանակի սպառազինության մեջ է ընդգրկվել փոքր ԱԹՍ-ների հակազդման «Շահին» մարտական համալիրները։
  • Հուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Հետաքրքրական է, որ զուգահեռաբար չհաստատված տեղեկություններ են պտտվում Թուրքիայի ՌՕՈւ-ի հարվածային միավորումների մարտական պատրաստվածության վիճակի բերելու մասին։ Նիստի ընթացքում Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին ոչ մի որոշում չի ընդունվել։ Միաժամանակ Սիրիայի ԶՈւ ԳՇ-ում նույնպես նիստ է անցկացվել։
  • Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ժամանել է Ստամբուլ, որտեղ ուկրաինական հացահատիկի արտահանման համաձայնագիր է ստորագրել։
  • Թուրքական «բայրաքթար» ԱԹՍ-ներ հերթական մատակարարումն է տեղի ունեցել Ուկրաինային։ Մի քանի օր առաջ թուրքական Չորլու երկաթուղային կայարանից դուրս է եկել «Baykar Makina ընկերության հերթական բեռը», որն Ուկրաինայի ուղղությամբ տեղափոխել է «Bayraktar TB2» չորս հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների համալիր կառավարման ցամաքային կայանների հետ միասին։
  • Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ընդունել է SUNGUR զենիթահրթիռային համալիրը զինված ուժերի կազմում։
  • Ղազախստանը մինչև տարեվերջ կստանա թուրքական արտադրության «TAI Anka» առնվազն մեկ հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք։
  • Թուրքիային նոր սերնդի F-16 կործանիչների վաճառքի պայմանները խստացնող օրինագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է հունական ու իսրայելական լոբբիստական ուժերի համատեղ ջանքերով:

Իրան

  • Ռուսաստանն ու Իրանը կարող են հրաժարվել ԱՄՆ դոլարով առևտրից՝ տնտեսական համագործակցության զարգացմանը զուգընթաց, հայտարարել են Կրեմլում։ ՌԴ նախագահի օգնականը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է զարգացնել իր հարաբերություններն Իրանի հետ՝ հասցնելով մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի։
  • ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Թեհրանում բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկերների հետ չի քննարկել անօդաչու թռչող սարքերի մատակարարումներին վերաբերող հարցեր։
  • Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները Թեհրանում կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
  • Համացանցի իրանական տիրույթում ակտիվորեն շրջանառվում է կարճ տեսանյութ, որում ցուցադրված են իրանական արտադրության ՀՕՊ և հարձակողական միջոցներ, որոնց անուններն ու բնութագրերը նշված չեն։
  • Իրանի ՌԾՈւ գեներալ-մայոր Բաղերին Օմանի ռազմածովային ուժերի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.«Մենք ծովային անվտանգության կենտրոն կստեղծենք Չաբախարում»։
  • Իրանական անօդաչուները վտանգավոր են և ապացուցել են իրենց արդյունավետությունը, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Թեդ Դոյչը։
  • Իրանի հրթիռների և անօդաչուների ստեղծման ծրագրի բարձրաստիճան ղեկավարներից մեկը սպանվել է անհայտ անձանց կողմից: Տեղական ԶԼՄ-ներն ավանդաբար պատասխանատու են համարում իսրայելական հատուկ ծառայություններին։

Իրաք

  • Հուլիսի 20-ին թուրքական հրետանին գնդակոծել է Իրաքի Քրդստանի Դահուկ նահանգում գտնվող զբոսաշրջային օբյեկտը, որի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ավելի քան 22-ը վիրավորվել են: Այն բանից հետո, երբ Իրաքի Տարբեր քաղաքներում, այդ թվում Բաղդադում հայտնի է դարձել թուրքական հրետանու գնդակոծման և խաղաղ բնակիչների զոհվելու մասին տեղեկությունները, բողոքի ցույցեր են անցկացվել Անկարայի գործողությունների դեմ։ Բողոքի դուրս եկած քաղաքացիները պահանջել են արգելել թուրքական ապրանքների վաճառքը, ինչպես նաև փակել թուրքական դեսպանատունը։ Իրաքի հարավում գտնվող Նաջաֆ նահանգում մարդիկ այրել են թուրքական դրոշը և շրջափակել թուրքական հյուպատոսությունը։
  • Իրաքի շիա առաջնորդ Մուքթադա աս-Սադրը պատերազմ է հայտարարում Թուրքիային։ Նրա կարծիքով՝ Իրաքի կառավարությունը պարտավոր է նվազեցնել պաշտոնական մակարդակով փոխգործակցության մակարդակը, չեղյալ հայտարարել անվտանգության վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր համաձայնագրերը Թուրքիայի հետ, փակել Իրաքի ցամաքային և օդային տարածքով անցումները թուրքերի համար, ինչպես նաև բողոքի նոտա հղել ՄԱԿ-ին:
  • Իրաքի հյուսիսում՝ Բաշիկում, թուրքական ռազմաբազան գնդակոծվել է։ 14 հրթիռ է արձակվել բազայի ուղղությամբ։ Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրաքի հյուսիսում գտնվող երկու անօրինական թուրքական ռազմակայաններում պայթյուններ են որոտացել։
  • Հուլիսի 23-ին Իրաքի ԱԳՆ-ն պաշտոնապես հետ է կանչել Անկարայում իր դեսպանին, ի նշան բողոքի Իրաքի տարածքի վրա Թուրքիայի հարձակման դեմ և Իրաքի նախարարների խորհրդի վերջին բանաձևին համապատասխան։
  • Իրաքի Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել է Իրաքի բանակը անհապաղ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին:

Սիրիա

  • Շարունակվում է Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների տեղափոխումը Աազազ քաղաք։
  • Թուրքական ԱԹՍ-ները մի շարք հարվածներ են հասցրել քրդական զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Թել Ռիֆաթ քաղաքին, որտեղ ավելի վաղ ժամանել էին սիրիական բանակի և իրանամետ ուժերի ստորաբաժանումները: Կառավարական զորքերի երկու զինծառայողներ վիրավորվել են։
  • Թուրքիայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները շարունակում են «սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի հատուկջոկատայինների գնդակոծությունները: Հարվածները հասցվել են Հարբոր, Մաարեթ Ում Խոշ և Թել Քարահ գյուղերի ուղղությամբ։
  • ՌԴ ԶՈՒ ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է գրոհայինների երկու անօդաչու սարք՝ սիրիական Լաթաքիայի Հմեյմիմ ավիաբազայից 2 կմ հեռավորության վրա։
  • Սիրիական բանակը շարունակում է մեծացնել իր ներկայությունը Մանբիջի մատույցներում, որտեղ քրդերի հետ համաձայնագրի շրջանակներում պետք է ապահովվի անվտանգությունը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողության նախաշեմին:
  • ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունն անվանել է միջազգային նորմերի խախտում՝ ընդգծելով, որ ԱՄՆ բազաներում ահաբեկիչներ են պատրաստում:
  • Իսրայելի ՌՕՈւ մարտական ինքնաթիռները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող իրանական օբյեկտին, որտեղ անօդաչու թռչող սարքեր էին արտադրում:
  • Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ չսկսել։ «Մեր կարծիքով, նման գործողությունը ոչ միայն կվատթարացնի տարածաշրջանի առանց այն էլ դժվար պայմանները այնտեղի բնակիչների համար, այլ նաև ԻՊ-ին հնարավորություն կտա կրկին ուժեղանալ»,- ասված է ԳԴՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։

Իսրայել

  • Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում Համասի օբյեկտներին՝ ի պատասխան իր տարածքի գնդակոծման: Վնասվել է առնվազն երեք դիտակետ։
  • Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտնել է, որ հարվածային անօդաչու սարքեր է կիրառում երկրի սահմաններից դուրս ցամաքային թիրախները խոցելու համար:
  • Նեգեւ անապատում գտնվող Նեւատիմ ավիաբազայում մեկնարկել են Իսրայելի եւ Իտալիայի ռազմաօդային ուժերի «Lightning Shield» զորավարժությունները։
  • Իսրայելի ՌՕՈւ-ի կազմում պատրաստվում է մարտական հերթապահության անցնել IAI ընկերության Orion ռադիոէլեկտրոնային հետախուզության նորագույն ինքնաթիռը: Նրա գործունեության հիմնական ուղղությունը կլինի Իրանը։
  • Իսրայելցի զինվորականները նախազգուշական կրակ են բացել Լիբանանի տարածքից ներթափանցելու փորձը կանխելու համար։ Ինչպես նաև իրականացվել են կրակոցներ լուսարձակող հրթիռներով։

Աֆղանստան

  • Թալիբների հետ մարտում Բագլանի նահանգի Սալահ շրջանի Կազանի կիրճում զոհվել է Դիմադրության ճակատի դաշտային հրամանատար Աբդուլ-Շուկուր Անդարաբին: Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատում հայտարարել են, որ այդ վայրում հակառակորդի գրոհները հետ մղելու ժամանակ ոչնչացվել են «Բադրի-313» և «Օմարի» հատուկ ստորաբաժանումներից 17 զինյալներ։
  • Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի ուժերի գործողության արդյունքում, սպանվել են Գիրոյի շրջանի վարչակազմի ղեկավարն ու թալիբների ոստիկանապետը, ինչպես նաեւ Անդարի շրջանի ղեկավարը՝ 20 զինյալներով:
  • Թալիբների հետախուզական վարչությունը հայտարարել է ԻՊ գրոհայինի սպանելու մասին, ով սոցցանցերում հայտնի էր Աբու Հալիդ մականունով։ Նա Telegram ցանցի միջոցով զբաղվել է ահաբեկիչների համար մարդկանց հավաքագրմամբ: Նշվում է, որ նա ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Քաբուլի շիական մզկիթում։

ՆԱՏՕ

  • Անցած հինգշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր շվեդական և ֆիննական պատվիրակությունների մասնակցությամբ նոր եռակողմ հանդիպման մասին։ Սպասվում է, որ կողմերը կվերսկսեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
  • Երկուշաբթի առավոտյան ՆԱՏՕ-ի Առաջին մշտական ռազմածովային խմբի նավերը ժամանել են Տալլինի Հին նավահանգիստ եւ Մուուգա նավահանգիստ:
  • Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային հարյուրավոր շարժական համակարգեր կուղարկի անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար եւ կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել:
  • Հավայան շրջանում մարտական հրաձգությամբ վարժանքների ընթացքում ամերիկյան USS Rodney M. Davis ֆրեգատը որպես թիրախ է ծառայել։ Նավին հարվածներ են հասցվել Harpoon հականավային հրթիռով կանադական HMCS Winnipeg ֆրեգատից, ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon պարեկային ինքնաթիռներից, KD Lekir ֆրեգատը թիրախը խոցել է Exoset հրթիռով, մարտական կրակին միացել են ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet եւ F-35C Lightning II կործանիչները, որոնք Paveway IV ռումբեր են նետել լազերային ուղղորդմամբ, իսկ F-35C-ի մեկ այլ օղակը կրակ է վարել 25մմ-անոց տրամաչափի Gau-22/A հրետանիով։
  • Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ Վարշավան ծրագրում է ստեղծել ՆԱՏՕ-ում ամենահզոր ցամաքային բանակը:
  • Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է. «Որքան մենք Ուկրաինային ավելի ժամանակակից սպառազինություն ենք տալիս ՆԱՏՕ-ից, այնքան ռուսներն ավելի առաջ են գնում, դեպի Ուկրաինայի խորքը»։

ՀԱՊԿ

  • Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանի ինժեներական զորքերի ստորաբաժանումների մասնագետները զորքերի ինժեներական ապահովումը կկատարեն Ալագյազ զորավարժարանում հատուկ վարժանքի շրջանակներում: Ստորաբաժանման կազմում զինծառայողները «Կորշուն» ականորսիչների կիրառմամբ, ինչպես նաեւ ականաորոնողական շների օգնությամբ, կկատարեն ինժեներական հետախուզություն, սահմանների, դիրքերի եւ շրջանների ամրաշինական սարքավորումների կիրառում, ականապայթյունային պատնեշների տեղադրում, հրամանատարական կետեր կտեղադրվեն բարձրլեռնային շրջաններում՝ հետագա խնդիրների կատարման համար: