Սպիտակ տունը նախազգուշացնում է Թուրքիային

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում։ Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբերը»։

«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսը ապակայունացնող, խաղաղ բնակչությանը և ԻՊ-ի դեմ դաշինքի պայքարը վտանգող Թուրքիայի ռազմագործողության սպառնալիքով»,- հայտարարել է Քիբրին՝ շեշտելով որ Բայդենի վարչակազմն այս հարցում ունեցած իր մտահոգությունը հայտնել է թուրք պաշտոնյաներին։

Աղբյուրը հայտնում է, որ ամերիկացի զինվորականները պարեկություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող և Թուրքիային սահմանամերձ Ալ-Քահթանիե ու Ղամիշլի շրջաններում։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում խոսել էր Սիրիայում հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ։