Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին․ «Հենակետ»

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ցամաքային զորքերի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները կատարել են կրակային առաջադրանքներ։ Այդ երկրի ՊՆ-ն հայտնել է, թե ինժեներական զորքերում պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ՝ անձնակազմի մասնագիտական մակարդակի հետագա բարելավման նպատակով։

Համացանցում տարածվել են Ադրբեջանի Եվլախ քաղաքում գտնվող ռազմական օդանավակայանի արբանյակային լուսանկար, որոնցում երևում են մի շարք օբյկետներ, որտեղ տեղակայված են ադրբեջանական հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքերը։ Պարզվել է, որ լուսանկարներն արվել են 2022 թ․-ի փետրվարին և վերցված են «Google Earth» ծրագրից։

Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը հայտարարել է, թե պարզել են 44-օրյա պատերազմում զոհված 2908 մարդու ինքնությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Պետական սահմանային ծառայությանը, հայտնել են, որ ադրբեջանցի չորս զինծառայող Արցախից գրավված տարածքներում զբաղվել են թմրանյութերի վաճառքով:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե հուլիսի 19-ից Ադրբեջանում մեկնարկում է Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը գյուղ բնակչության վերադարձի գործընթացը։ Նշվել է, թե առաջին փուլում տեղափոխվելու է 41 ընտանիք։ Իսկ թուրքական «Haber Global» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել բնակեցման մասին։

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին հայտարարել է, թե շարունակվում են Ղարաբաղի 16 ավտոմոբիլային ճանապարհների նախագծումն ու կառուցումը, ընթացքի մեջ են նաև Լաչինի շրջանում միջազգային օդանավակայանի կառուցման աշխատանքները։

Նաջաֆլիի խոսքով՝ նախատեսում են ճանապարհային նախագծերը ավարտել մինչև 2025 թ-ն։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը կմասնակցի Կովսականում (Զանգելան) միջազգային օդանավակայանի բացմանը։

Իլհամ Ալիևը դժգոհել է Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերից։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իր բողոքները Ադրբեջանի նախագահը հայտնել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե ռուս խաղաղապահները կողոպուտով են զբաղվում Լաչինում: «Caliber.Az»-ի խմբագիրներն բացառիկ կադրեր են ձեռք բերել, թե իբր ռուս զինվորականներն ապամոնտաժել են Լաչինի շրջանի Գարակախա գյուղի մեկ հարկանի բնակելի շենքի տանիքը

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ընտանեկան հարցերի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շուշի։ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Վրաստանի գերագույն հոգևոր առաջնորդին հրավիրվել է Ղարաբաղ:

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ դեպի Լաչին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ է անցկացվել, որն անցնում է լեռնային և անտառապատ տարածքներով։ Ալիևի հրամանագրով ստեղծվել է «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայություն» հանրային իրավաբանական անձ։

Ադրբեջանի իշխանություններն Շուշիում միջազգային մեդիա-ֆորում են անցկացրել «Գլոբալ թրենդները ԶԼՄ-ներում, նոր մարտահրավերներ» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանում գործող մեդիա-կառույցների գլխավոր խմբագիրները և մի շարք երկրների լրագրողներ։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ մինչև 2027 թ-ն եվրոպական երկրներին տարեկան կմատակարարվի առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր գազ։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ում գրել է, թե ԵՄ մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները։

Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, թե գազի մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Նորվեգիան կամ Ադրբեջանը, բավարար չեն եվրոպական երկրներում էներգետիկ խնդիրները լուծելու համար:

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն աջակցում է Բաքվի ջանքերին՝ մեծացնելու էներգիայի մատակարարումները Եվրոպա։

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են ԵՄ-ի և Ադրբեջանի գազային գործարքը: «Human Righst Watch»-ը հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք է ստորագրեր հուշագիրը, ոչ էլ նոր երկկողմ համաձայնագիր կնքեր ու պետք է պնդեր, որպեսզի ազատ արձակվեին բազմաթիվ քաղբանտարկյալները։

Բուլղարիայի կառավարության ղեկավար Կիրիլ Պետկովը նշել է, թե Բուլղարիան Ադրբեջանին համարում է կարեւոր ռազմավարական գործընկեր գազի մատակարարման ոլորտում: Թուրքական «Botas» ընկերությունը հայտնել է, թե սպասարկման պլանային աշխատանքների պատճառով Շահ Դենիզ-Թուրքիա գազատարով գազի հոսքերը կդադարեցվեն օգոստոսի 14-28-ը։

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ հանդիպումը, որն ավարտվել է «Ստամբուլի հռչակագրի» ստորագրմամբ։ Թուրքիայի ԱԺ նախագահ Մուսթաֆա Շենթոփը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համար։

Այաթոլա Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը դեմ է արտահայտվել հայ-իրանական սահմանի արգելափակմանը։ Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին զգուշացրել է Թուրքիային ու Ադրբեջանին՝ նշելով․ «Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, թույլ չենք տա որևէ կերպ վնաս հասցվի դրան»։

Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Իրանի կողմից։ Իսրայելցի դիվանագետի այս գրառմանը Тwitter-ում անդրադարձել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսևին, ով Դիքին «արկածախնդիր երեխա» է անվանել և զգուշացրել, որ չանցնի կարմիր գիծը։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շեշտել է Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այդ գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը հայտարարել է, որ Ադրբեջանի ու ՌԴ-ի արտաքին հետախուզական ծառայությունների միջև հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին համաձայնագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ գործողություններ երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության և այլ հարցերում։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե «Հյուսիս-Հարավ» երթուղով արդեն անցել է առաջին փորձնական երկաթուղային կազմը, որը Ռուսաստանի հյուսիսից՝ Սանկտ Պետերբուրգից հնարավորություն է տալիս դուրս գալ դեպի Պարսից ծոց: Մնում է ճանապարհի միայն մի հատված Իրանի տարածքում՝ Ռեշտ-Աստարա 146 կմ հատվածը, որը կառուցված չէ: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը և Ադրբեջանը շահագրգռված են այդ հատվածի կառուցմամբ։

Ղազախստանի տրանսպորտի կոմիտեի նախագահ Կասիմ Տլեպովը հայտնել է, որ Ղազախստանը մտադիր է մեծացնել անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու թողունակությունը, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և հետագայում դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Նա նշել է, որ նախագծում ներգրավվելու են համաշխարհային լոգիստիկ ընկերություններ։