Ադրբեջանից գազի մատակարարումները չեն լուծի Եվրոպայի էներգետիկ խնդիրները․ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար

Գազի լրացուցիչ մատակարարումները Նորվեգիայից կամ Ադրբեջանից բավարար չեն՝ եվրոպական երկրներում էներգետիկ խնդիրները լուծելու համար: Այս մասին «Ֆորին փոլիսի»-ին  https://foreignpolicy.com/2022/07/21/europe-energy-crisis-iea-fatih-birol-natural-gas/  տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Նա նշել է՝ ԵՄ-ն այս ձմռանը լուրջ դժվարություններ կունենա, եթե առնվազն 15 տոկոսով չկրճատի գազի սպառումը։

«Եթե նույնիսկ ռուսական գազի առավելագույն ծավալի մի մասը «Հյուսիսային հոսքով» գա Եվրոպա, մենք ստիպված կլինենք նվազեցնել սպառումը։ Չենք կարող էներգետիկ խնդիրները լուծել՝ Եվրոպայում չկրճատելով գազի սպառումը։ Լրացուցիչ մատակարարումներն այլ երկրներից՝ լինի դա Նորվեգիան կամ Ադրբեջանը, բավարար չեն»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Երևանում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵԽ-ը  Բաքվի հետ էներգետիկ համաձայնագիր կնքեց, ասաց.

«Մենք ստիպված ենք արագորեն նվազեցնել գազի ներկրումները ՌԴ-ից, որովհետև ուզում ենք նվազ կախյալ լինել ռուսական գազից, ավելի քիչ վճարել, որովհետև եթե մենք գնենք այն Ռուսաստանից, ապա անուղղակիորեն ֆինանսավորում ենք Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ»: