Գիշիում պատերազմում նահատակված հերոսներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

Նախօրեին Մարտունու շրջանի Գիշի համայնքի դպրոցի բակում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա  պատերազմում նահատակված հերոսներին  նվիրված  հուշակոթողի բացման արարողություն: «Արցախպրես»-ի հետ զրույցում Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը տեղեկացրել է, որ հուշակոթողը հեղինակել է հայաստանաբնակ  քանդակագործ Վաղինակ Մանուկյանը:

Համայնքի ղեկավարի  խոսքով, պատերազմի ընթացքում Գիշու միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված է եղել Մարտունու զինվորական հոսպիտալը, որտեղ վիրավոր զինվորների կյանքերի համար պայքարում էին նաև Երևանի տարբեր կլինիկաներից ժամանած բժիշկներ։ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հուշակոթողի նախաձեռնությունը՝ հոսպիտալի  բժիշկներինն է:

«Դպրոցի բակում կանգնեցված հուշակոթողը նաև իր ազդեցությունը կունենա  մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Երեխաները տեսնելով հանուն հայրենիքի իրենց  կյանքը զոհաբերած տղաների հիշատակը հավերժացնող կոթողը՝  սերտելու են հերոսական դասերն ու  դաստիարակվելու են  Նրանց խիզախության ու հայրենանվիրումի օրինակներով»,-ասել է համայնքապետը: