Գերմանիայի կանցլեր Շոլցի հարևանները աղբամանում գտել են G7-ի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա կնոջ՝ Բրիտա Էռնստի հարևանները աղբամանում հայտնաբերել են գաղտնի փաստաթղթեր, որոնք պարունակում էին տեղեկատվություն G7-ի վերջին գագաթնաժողովի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»ին՝ հղում անելով Spiegel ամսագրին։

Ըստ լրատվամիջոցների՝ Էռնստը, լինելով Բրանդենբուրգի կրթության նախարար, բացի իր աշխատանքային պարտականություններին առնչվող սևագրերից և այլ փաստաթղթերից, աղբարկղ է նետել G7 երկրների առաջնորդների և նրանց կանանց բնութագրերով հուշագիրը։ Դրանում նշվում է, որ Մարիո Դրագիի (այն ժամանակ Իտալիայի վարչապետի) կինը խուսափում է հանրությունից։

Ամսագրի փոխանցմամբ, այս փաստաթուղթը, որը կազմվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, դասակարգվել է «գաղտնի, միայն պաշտոնական օգտագործման համար», ուստի Շոլցի կինը իրավունք չուներ այն դեն նետել։

«Գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելիս գործում են խիստ կանոններ: Եթե կա պաշտոնական օգտագործման կնիք, ապա փաստաթղթերը պետք է ոչնչացվեն այնպես, որ բովանդակությունը ճանաչելի չլինի և հնարավոր չլինի վերականգնել»,- ասվում է հրապարակման մեջ։

Spiegel-ը Շոլցից և նրա կնոջից մեկնաբանություն է խնդրել միջադեպի վերաբերյալ, սակայն ոչ կանցլերի գրասենյակը, ոչ էլ Բրանդենբուրգի կրթության նախարարությունը չեն արձագանքել: