«Ֆորին Փոլիսի»-ն համեմատել է Պուտինի և Բայդենի՝ Մերձավոր Արևելք կատարած այցերի արդյունքները

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի այցերը Մերձավոր Արևելք ցույց տվեցին, որ տարածաշրջանի երկրներն աջակցում են Մոսկվային բազմաբևեռ աշխարհի ձևավորման հարցում, գրում է «Ֆորին Փոլիսի» ամսագիրը։ 

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ առաջնորդի շրջագայությունը մերձավորարևելյան պետություններով էական հաջողություն չի ունեցել։

«Բայդենի՝ Մերձավոր Արևելք այցի չնչին արդյունքները ցույց են տալիս, որ տարածաշրջանային հիմնական խաղացողները, հատկապես Պարսից ծոցի երկրներից, չեն ցանկանում հրաժարվել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններից: Մոսկվան ընդհանուր նպատակներ ունի տարածաշրջանում Վաշինգտոնի գրեթե բոլոր գործընկերների հետ՝ էներգակիրների բարձր գներից մինչև բազմաբևեռ աշխարհի ձևավորում»,- ասվում է հոդվածում։

Ընդգծվում է, որ Բայդենը չի կարողացել ստիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանին նավթի արդյունահանման ավելացման հարցում Վաշինգտոնի «ցուցումով գործել»։

«Սաուդցիների շահերը այժմ ավելի շատ համընկնում են ռուսների հետ նավթի գների հարցում, քան ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում»,- գրում է «Ֆորին Փոլիսի» -ն։

Հրապարակման հեղինակները Ռուսաստանի ղեկավարին անվանել են հմուտ խաղացող Մերձավոր Արևելքում և նշել, որ նրա այցը Թեհրան հաստատում է, որ Մոսկվան ունի գործընկերներ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում համագործակցությամբ։

Ավելի վաղ Պուտինը Իրանի և Թուրքիայի նախագահների հետ մասնակցել է Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել Թեհրանում։ Բացի այդ, պետության ղեկավարը բանակցություններ է վարել իրանցի և թուրք գործընկերների հետ, ինչպես նաև հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։

Անցած շաբաթ Ջո Բայդենը շրջագայություն կատարեց Մերձավոր Արևելքում։ Սաուդյան Արաբիա կատարած այցի արդյունքում նա ասել է, որ ակնկալում է նավթի մատակարարումների հետագա աճ։ Սակայն տեղի նախարարները պնդեցին, որ իրենք մտադիր են քաղաքական որոշումներ կայացնել շուկայական տրամաբանության համապատասխան և ՕՊԵԿ+ կոալիցիայի շրջանակներում, որի կազմում մտնում է նաև Ռուսաստանը։