Իլիա Երկրորդն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ քննարկել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի խնդիրը

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին պարգևատրել է Վրաց ուղղափառ եկեղեցու հատուկ պարգևով՝ Բարեկամության շքանշանով, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Պարգևը շնորհվել է «վրաց և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակնառու ավանդի համար», հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Պատրիարքարանում կայացած հանդիպման ժամանակ բարձրացվել է ադրբեջանաբնակ վրացիների համար Վրաստանի թեմի բացման հարցը։ Անդրադարձ է եղել նաև վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածում գտնվող Դավիթ Գարեջի միջնադարյան վանական համալիրի մի մասի թեմային։

Պատրիարքարանը նշում է, որ «երկու հոգևոր առաջնորդներին կապում է վաղեմի բարեկամությունը»։ Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել են ադրբեջանցի և վրացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանը և ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ։