Լիտվան վերսկսել է տարանցումը դեպի Կալինինգրադ

«Լիտվական երկաթուղիներին» (Lietuvos gelezinkeliai) պատկանող բեռնափոխադրող LTG Cargo ընկերությունը ուրբաթ վերսկսել է Ռուսաստանի և Կալինինգրադի միջև պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը, ինչպես նախատեսում է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ուղեցույցը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Եվրամիության խորհրդի համապատասխան կանոնակարգի և ԵՀ ուղեցույցների, ինչպես նաև իրավասու մարմինների մեկնաբանությունների համաձայն, ԵՀ ուղեցույցներով նախատեսված տարանցիկ ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացման պայմաններին համապատասխան՝ LTG Cargo-ն վերսկսել է փոխադրումներն այսօրվանից՝ հուլիսի 22-ից»,- ասվում է ընկերության՝ հաճախորդների համար հաղորդման մեջ:

Ինչպես հաղորդվում էր, հուլիսի 13-ին Եվրահանձնաժողովը, որոշակի վերապահումներով, թույլ է տվել Ռուսաստանին արգելված ապրանքները երկաթուղով փոխադրել Կալինինգրադի մարզ և դրանից դուրս ԵՄ տարածքով։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն պետք է ապահովի, որ տարանցումը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար։ Ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների տարանցումը շարունակում է արգելված մնալ՝ անկախ տեղափոխման ընտրված եղանակից։

Նաև հաղորդվում էր, որ հունիսի 17-ից ուժի մեջ է մտել ռուսական պողպատի և գունավոր մետաղների ԵՄ ներմուծման արգելքը, հուլիսի 10-ից՝ ցեմենտի, սպիրտի, փայտյա արտադրանքի, ապակու, ալյումինի, թղթե արտադրանքի, գիպսի, նավերի մասերի։ Օգոստոսի 10-ից ուժի մեջ կմտնի ածուխի և այլ պինդ հանածո վառելիքի, դեկտեմբերի 5-ից՝ ռուսական նավթի և նավթամթերքների փոխադրման արգելքը։

LTG Cargo-ն պարզաբանում է, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը պետք է համապատասխանի երեք տարվա միջինին՝ 2019-ի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբերի վերջը։ Միջին արժեքները յուրաքանչյուր ապրանքի կոդի համար առանձին կհաշվարկվեն, իսկ հայտերը կմերժվեն, եթե դրանց ծավալը հասնի միջին տարեկան արժեքներին:

Ապրանքները, որոնք նախկինում բեռնատարներով էին փոխադրվում, փոխադրումների միջին ցուցանիշը հաշվարկելիս չեն ներառվի։

«Ուղեցույցում նշված շքեղ ապրանքների փոխադրումը չի վերսկսվի մինչև առանձին պարզաբանում»,- նշում են «Լիտվայի երկաթուղիները»:
Lietuvos gelezinkeliai-ն անցած տարի տարանցիկ շուրջ 11.5 միլիոն տոննա բեռ է փոխադրել Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ: Ամենից շատ սննդամթերք է փոխադրվել (1.3 մլն տոննա)։