Կառավարության ասածը սուտ է, ես ներկա չեմ եղել այդ ցույցին, որ իրենք նշում են. Մուրադ Փափազյան․ News.am

Հայաստանի կառավարության տված տվյալները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը, ես ներկա չեմ եղել այդ ցույցին, որ իրենք նշում են: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչպետի աշխատակազմի պարզաբանմանը, թե ինչու է արգելվել իր մուտքը Հայաստան:

«Պարզապես, պատրվակ են փնտրում: Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ չեն կարող նշել պատճառները, թե ինչու են արգելել իմ մուտքը Հայաստան, որովհետև այդ պատճառները վերաբերում են իմ անձնական կյանքին և այսօր վարչապետի աշխատակազմը ուրիշ տարբերակ է հրամցնում ժողովրդին, իբր ես մասնակցել եմ, կազմակերպել եմ Փարիզում 2021 թվականի հունիսի 1-ի վարչապետի դեմ ցույցը:

Դա սխալ է, թող փաստեր բերեն, եթե փաստեր ունեն: Ես չեմ ընդունում, որ այսպես իշխանություններն աղավաղեն իրականությունը և ամեն օր սուտ են խոսում: Այլևս բավական է»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է վարչապետի աշխատակազմը նման պարզաբանում տարածել, Մուրադ Փափազյանն արձագանքեց. «Պատրվակներ են փնտրում, չունեն լուրջ պատճառ իմ մուտքը Հայաստան արգելելու համար: Միայն չեն ընդունում ընդդիմադիրներին թե ներսում, թե դրսում, չեն ընդունում, որ իմ նման մարդը ընդդիմադիր լինի և քննադատի վարչապետի մոտեցումները Հայաստանի ապագայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Սփյուռքի հանդեպ այն ճնշումները, որ փորձում են բանեցնել Զարեհ Սինանյանի միջոցով, փորձելով տկարացնել Սփյուռքը, տկարացնել Հայաստանը: Այսօր պետք է արթնանալ և հասկանալ, որ այս իշխանությունները տկարացնում են հայկական աշխարհը: Տկարացնելով Սփյուռքը՝ տկարացնում են Հայաստանը և հակառակը, ի վերջո, ի նպաստ Ադրբեջանի և Թուրքիայի»:

Ավելի վաղ այսօր վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել այս խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,-ասված է պարզաբանման մեջ: