Զբաղվում են ճանապարհամերձ հատվածներում խաչերի տեղադրման խնդրով

Ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի տարերային տեղադրումը բացառելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են խնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ:

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում կայացել է հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Հարություն Սեդրակյանի հետ:

Դիտարկվել է այն ձևաչափը, որով նախատեսվում է առաջին փուլում հավաքագրել ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ճարտարապետական փոքր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը: Անդրադարձ է կատարվել հուշարձանների տեղադրման իրավական հիմքերին: Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներն առանձնացրել և գործընկերների հետ քննարկմանն են ներկայացրել նաև ոլորտին առնչվող իրավական այն ակտերը, որոնցում անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել՝ դաշտը կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու նպատակով:

Հանդիպման մասնակիցներն իրենց դիտարկումներով ամբողջացրել են օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ կատարելու նախնական առաջարկը:

Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ՝ ներառելով շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ իրագործելու նպատակով:

Հիշեցնենք, որ ճանապարհամերձ հատվածներում տարատեսակ խաչեր տեղադրելու անթույլատրելիության մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստերից մեկում: