Եվրոպային անախորժություններ են սպասում Պուտինի Թեհրան այցից հետո

Նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան անախորժություններ է խոստանում  Արևմուտքին, Daily Mail-ի հոդվածում գրել է Ճգնաժամային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մարկ Ալմոնդը

Նրա կարծիքով, նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը Ռուսաստանի և Իրանի՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության նոր մակարդակի հասցնելու պլանների մասին «նախազգուշացում» էր արևմտյան առաջնորդներին։

«Այս բարեկամության ամրապնդման համապատկերին հնարավոր անախորժությունների մեկ այլ լուրջ նշան էր Էրդողանի ներկայությունը հանդիպմանը»,- նշել է Ալմոնդը։

Վերլուծաբանը ենթադրել է, թե Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդների հանդիպումը կարող է նշանավորել նոր հակաարևմտյան դաշինքի սկիզբը։

«Այս գագաթնաժողովը ցույց է տալիս նորածին հակաարևմտյան, հակադեմոկրատական ​​դաշինքը, որը ձգվում է Արևելյան Եվրոպայի ծայրերից մինչև Հարավչինական ծով, որի կենտրոնում Մայր Ռուսաստանն է: Սարսափելի հեռանկար»,- կարծում է հրապարակման հեղինակը:

Ալմոնդը կարծիք է հայտնել, թե ծագող սպառնալիքը կարող է ավելի վտանգավոր լինել Արևմուտքի համար, քան նախկին խորհրդային դաշինքը։

Նախօրեին Պուտինը Թեհրանում Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռաիսիի և Թայիփ Էրդողանի հետ մասնակցել է Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովին։ Բացի այդ, ՌԴ ղեկավարը երկկողմ բանակցություններ է վարել նրանցից յուրաքանչյուրի հետ, ինչպես նաև հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին։