Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը հետաքրքրվել է Հայաստանի ՄԻՊ-ի անկախության երաշխիքներով

Հուլիս 20-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան պարոն Մարկուս Չանին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիա Հովհաննիսյանին։

ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ տիկին Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը և աշխատանքի հիմնական ուղղությունները։

Զրույցի ընթացքում տիկին Կատրին Գյորինգ-Էքադը շնորհավորել է տիկին Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ։

Վերջինիս առաջարկով Պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական մարտահրավերներին, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում հումանիտար խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, վերջիններիս և անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին սոցիալական աջակցության և հոգեբանական օգնության տրամադրման հարցերին, սահմանամերձ համայնքների անվտանգային և այլ խնդիրներին, ինչպես նաև խտրականության դեմ պայքարին և կանանց քաղաքական ու տնտեսական հզորացմանն առնչվող հարցերին։

Տիկին Կատրին Գյորինգ Էքարդը հետաքրքրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքներով, ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների հետ Պաշտպանի հաստատության համագործակցության հարցերով, ինչին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության հետ համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու համատեղ իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում և Հայաստանում հիմնադրամի կողմից իրականանցվող ծրագրերին, աշխատանքի հիմնական ուղղություններին և Հայաստանում հիմնադրամի առաջնահերթություններին։