Նարեկ Մանթաշյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

Դատարանի որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։
Նշենք, որ մի քանի ամիս է՝ նա գտնվում էր կալանքի տակ։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաև պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով այն մասին, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարևոր օրգանների ախտահարմանը. «Ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի»։