Թույլ չտալ առանց համապատասխան ծառայությունների մատուցման գազաբալոնների վկայագրերի տրամադրումը. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն  ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին   նախազգուշացնում ու հիշեցնում է․

Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի դեկտեմբերի 9-ից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին), համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (Լիազոր մարմին) հետ, ոլորտի բարեփոխումներն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին խստորեն հորդորում է գործընթացն իրականացնել բացառապես  օրենքով սահմանված կարգով, մասնավորապես՝ թույլ չտալ առանց համապատասխան ծառայությունների մատուցման վկայագրերի տրամադրումը։

Հիշեցնում ենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, մշտադիտարկումների և վերահսկողական գործառույթների ընթացքում նման դեպքերի արձանագրման դեպքում իրականացվելու է խիստ վարչարարություն՝ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառումով։