Այաթոլլահ Խամենեին զգուշացրել է Էրդողանին՝ Սիրիայի հարցում

Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է, և ցանկացած ռազմական հարձակում Սիրիայի հյուսիսում անպայման կվնասի Թուրքիային, Սիրիային և ամբողջ տարածաշրջանին, ինչպես նաև ձեռնտու կլինի ահաբեկիչներին: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr իրանական գործակալությունը։

«Դա (հարձակումը) անպայման կվնասի Սիրիային, ինչպես նաև Թուրքիային և տարածաշրջանին։ Դա նաև թույլ չի տա իրականացնել Սիրիայի կառավարության քաղաքական միջոցառումները»,- ասել է Խամենեին։

Նրա խոսքով՝ «ահաբեկչությանը պետք է հակազդել, սակայն Սիրիայի վրա ռազմական հարձակումն օգուտ կբերի ահաբեկիչներին»։

Ընդգծելով, որ Իրանը Թուրքիայի և նրա սահմանների անվտանգությունն իր սեփական անվտանգությունն է համարում, այաթոլլա Խամենեին ասել է Էրդողանին. «Դուք պետք է նաև Սիրիայի անվտանգությունը ձեր անվտանգությունը համարեք։ Սիրիական հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ Իրանը, Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը պետք է լուծեն այս հարցը երկխոսության միջոցով»։