Եվրախորհրդարանն Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանը. Ալիև

«Հայաստանի խորհրդարանի համեմատ՝ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ». այս մասին հուլիսի 19-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։ Գրում է «Մինվալազ»-ը։ https://minval.az/news/124264036

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա արդեն երեք եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այնպես որ, սա շատ դրական համատեքստ է։ Բայց մենք չենք կարող հասկանալ Եվրախորհրդարանի գործողությունները։ Իրականում Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թվում է, թե այդ բանաձևերն ընդունվել են Հայաստանի խորհրդարանի կողմից, կամ գուցե որոշ հայկական լոբբիստական խմբեր որոշակի ազդեցությո՞ւն ունեն դրանց վրա։ Այլապես դժվար է հասկանալ այդ ամենը»,- նշել է Ալիևը։