Մի օր գալու են ասեն՝ եթե սա չանեինք, ստիպված էինք Երևանն էլ տալ. Քրիստինե Վարդանյան

«Իր պատմության ծանրագույն այս ժամանակահատվածում Հայաստանը գլխիվայր նետվել է պրոցեսի մեջ՝ նախընտրելով այնտեղ լինել միայնակ, առանց դաշնակիցների»,- Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը:

Պատգամավորը նկատեց, որ Ուկրաինան իր համար դժվար այս կացությունում ցանկանում է բանակցություններում լինել իր դաշնակիցների հետ, իսկ Հայաստանը՝ ոչ:

«ՀՀ-ն այսպիսի բանակցություններում նախընտրում է ինքնագլուխ, «ինչ կուզեմ՝ էն էլ կբանակցեմ» վերելակային դիվանագիտությամբ գնալ սեպարատ բանակցությունների, ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կանխորոշելու են մեր ապագան»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը՝ արձանագրելով, որ շարոնակվում է թուրք-ադրբեջանական համադրված, համակցված քաղաքականությունը և այդ շահերի պաշտպանությունը:

«ՀՀ որևէ քաղաքացի կհամաձայնե՞ր, որ իշխանավորներից որևէ մեկը ներկայացնի իր անձնական որևէ շահ, որևէ բանակցության ժամանակ»,- հարց ուղղեց պատգամավորը և ինքն էլ մեկնաբանեց․ «Որևէ մի քաղաքացի իր անձնական խնդիրները չի վստահի այս իշխանությունների ներկայացուցիչներին: Հետևաբար, այս հանդիպումներում հայկական շահը բացակայում է, մարդիկ, ովքեր պետք է ի պաշտոնե ներկայացնեն այն, մի քանի անգամ հրապարակային հրաժարվել են դրանից և բանակցություններից առաջ իրենք զարմանալիորեն հրապարակային հրաժարվում են հայկական շահը պաշտպանելուց, հետո գնում նստում են բանակցութունների սեղանին, և մենք դրանց արդյունքները հետո ենք տեսնում»,-ասաց պատգամավորը և հիշեցնելով, որ այդ գործելաոճը հանգեցրել է աղետալի պատերազմի, նոյեմբերի 9-ի փաստաթղթին, հավելեց.

«Փակ գաղտնի, դռների հետևում ընթանում է գործընթաց և Հայաստանում իշխանական դիրքեր զբաղեցնողները որդեգրել են առանց հանրությանը տեղյակ պահելու, մարդկանց ևս մեկ անգամ կայացած փաստի առաջ կանգնեցնելու քաղաքականություն: Այսինքն մի օր գալու են ու ասեն՝ սա էր, եթե սա չանեինք, ստիպված էինք լինելու Երևանն էլ տալ: