Եվրահանձնաժողովը հաստատել է ռուսական ոսկու ներկրման արգելքը

Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկները, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունից ոսկու ներկրման արգելքը և սահմանափակումների տակ գտնվող անձանց ու ընկերությունների ցանկի ընդլայնումը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Նոր միջոցները կոչված են «աջակցելու և բարձրացնելու Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեց փաթեթների արդյունավետությունը», ընդգծել են Բրյուսելում։ Մասնավորապես, կուժեղացվի Ռուսաստան բարձր տեխնոլոգիաների և երկակի նշանակության արտահանման նկատմամբ վերահսկողությունը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, դա կվերաբերի քիմիական արդյունաբերությանն ու տեխնոլոգիաներին։ Բացի այդ, «հաշվետվողականության հանդեպ պահանջները» կուժեղացվեն՝ պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների սառեցման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով:

Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ ԵՄ պատժամիջոցները ոչ մի կերպ ուղղված չեն Ռուսաստանի և երրորդ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի առևտրի դեմ։ Նման արտահանման սահմանափակումները կհստակեցվեն նոր փաթեթում, որպեսզի խուսափեն թրեյդերների կողմից սահմանափակումների սխալ մեկնաբանությունից, ասել է Reuters-ի աղբյուրը։

Նրանցից ոմանք վախենում են սննդամթերք տեղափոխել ռուսական նավահանգիստներից, որոնք պատկանում են պատժամիջոցների տակ գտնվող պետական կորպորացիաներին, նշում է գործակալությունը։ Նոր փաթեթը կհստակեցնի, որ այդ նավահանգիստներն ազատված են սահմանափակումներից, Reuters-ին հայտնել է աղբյուրը։

Ընդ որում հանձնաժողովը մտադիր է խստացնել ԵՄ նավահանգիստներ ռուսական նավերի մուտքի գործող արգելքը, որպեսզի նրանք չկարողանան, շրջանցելով պատժամիջոցները, բեռնաթափվել նավահանգիստներում, որոնք պաշտոնապես սահմանափակումների տակ չեն, գրում է Deutsche Welle-ն։

ԵՄ արտաքին գործերի նախարարները կարող են քննարկել Եվրահանձնաժողովի այս առաջարկը հուլիսի 18-ին կայանալիք հանդիպման ժամանակ, սակայն այդ օրը նոր սահմանափակումներ չեն նախատեսվում, հաղորդում է DW-ի թղթակիցը Բրյուսելում։ «Երկուշաբթի օրը պատժամիջոցների մասին որոշումներ չեն լինի»,- ասել է ԵՄ կառույցներում DW-ի բարձրաստիճան աղբյուրը։

Աղբյուրը Reuters-ին հայտնել է նաև, որ ԵՄ-ն մտադիր է հաջորդ շաբաթ քննարկել պատժամիջոցները և ընդունել դրանք մինչև ամառային արձակուրդները։ Գործակալության զրուցակիցը սահմանափակումներն անվանել է պատժամիջոցների «վեց  ու կես» փաթեթ՝ դրա համեմատաբար սահմանափակ շրջանակի համեմատ՝ համեմատած նախկին սահմանափակումների հետ, որոնք սահմանվել են ռուսական նավթի կամ ածխի համար։