Եվրոպան ավելի թույլ է դառնում. Իտալիայի արտգործնախարարը՝ երկրում առկա տարաձայնությունների մասին

Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն կարծում է, որ իտալական իշխող խմբակցությունում տարաձայնությունները ձեռնտու են Մոսկվային, իսկ երկրի կառավարության հավանական փլուզումը կթուլացնի Եվրոպային։

«Իմ սիրտը ցավում է, երբ երեկ երեկոյան Մոսկվայում կենացներ հնչեցրին, Մեդվեդևը ուրախ էր, որ Պուտինին արծաթե սկուտեղի վրա մատուցեցին Դրագիի գլուխը: Ինքնավարությունը կենացներ է բարձրացնում, իսկ ժողովրդավարությունները թուլանում են: Առանց այս կառավարության Եվրոպան նույնպես ավելի է թուլանում», – ասաց նա RTL 102.5 ռադիոկայանի եթերում։

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, սակայն նախագահ Սերջիո Մատարելլան դա չի ընդունել։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Թելեգրամի» իր ալիքում կոլաժ է հրապարակել Դրագիի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի լուսանկարով՝ «Ո՞վ է հաջորդը» մակագրությամբ։