Մոսկվայում փորձագետները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր․ «Ինտերֆաքս»

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները հանդիպել են Մոսկվայում՝ հայ-ադրբեջանական կարգավորման մի շարք հարցեր քննարկելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը, անցել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի աջակցությամբ և համակարգմամբ։

Միջոցառումը բացել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Բաքվից և Երևանից որպես համակարգողներ հանդես են եկել համապատասխանաբար Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը և «Օրբելի» վերլուծական կենտրոնը։ Քննարկման ընթացքում փորձագետները խոսել են իրենց անձնական կարգավիճակով։

Ինչպես նշվում է՝ լրագրողների շրջանում տարածված հաղորդագրության մեջ, «փորձագետներին հաջողվել է քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի հիման վրա, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման/սահմանագծման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարների, ինչպես նաև հումանիտար հարցերի և կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումների խնդիրները»։

Քննարկվել է նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորման աշխատանքներում փորձագիտական երկխոսության դերն ու տեղը։

Նշվում է, որ մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումներն ու համատեղ աշխատանքը եռակողմ փորձագիտական «Երկխոսություն խաղաղության մասին» հարթակի շրջանակներում։