Տնտեսական ֆաշիզմ և հարկային տեռոր․ ո՞ւմ շահերն է սպասարկում ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը

Պետության անվտանգության ու զարգացման հիմքերից մեկը տնտեսությունն է։ Երկիրը կարող է փլուզվել առանց մեկ կրակոցի, եթե տնտեսական հարաբերությունները սխալ են կառուցված։ ԽՍՀՄ–ը դրա վառ ապացույցներից է։

Շուկայական տնտեսության հիմքը մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանությունն է։ Սրբության սրբոց է համարվում բանկային գաղտնիքը։

Եթե իշխանությունը որոշում է մտնել մասնավոր հարաբերոությունների մեջ և «հոտոտել» բանկային հաշիվները, ապա դա քաղաքական տոտալիտարիզմի նախերգանքն է դառնում ու պետության փլուզման նախանշանը։

Նիկոլական իշխանությունը տնտեսական դաշտին առնչվող մի շարք որոշումներ է կայացնում, որոնք բերելու են նույնանման փլուզումների, ինչպիսին որ բերեցին բանակը կազմաքանդելու, հանրությանը պառակտելու և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը փակուղի մտցնելու իրենց քայլերը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որը բառիս բուն իմաստով մեր տնտեսության հերն անիծելու է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը, ով կասկածելի արժանիքների համար նշանակվել է գլխավոր հարկահավաք, գործում է այնպես, ինչպես կգործեր թշնամական երկրի դիվերսանտը կամ գործակալը։ Նա առաջարկում է փոփոխություններ մտցնել մեր օրենսդրության մեջ («Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներ)։ Այդ փոփոխությունները պետք է հնարավորություն տան ՊԵԿ–ին տիրապետել յուրաքանչյուր տնտեսվարողի (մեծից մինչև փոքր) բանկային տեղեկատվությանն առանց դատարանի որոշման։

Նախկինում ՊԵԿ–ի համար տնտեսվարողների բանկային գաղտնիքը հասանելի էր միայն որոշակի հիմքերի ու դատական որոշման դեպքում։ Հիմա առաջարկվում է ՊԵԿ–ի համար կանաչ լույս վառել հարկային տեռորի և բանկային ոլորտում քիթը խոթելու համար։

Եթե ՊԵԿ–ի առաջարկներն անցնեն, ապա Հայաստանում տնտեսական ֆաշիզմ կհաստատվի։ Այդ պայմաններում խոսել ներդրումներից, բիզնեսի զարգացումից պարզապես անիմաստ կդառնա։ Կապիտալը ոչ թե կարտահոսի Հայաստանից, այլ կփախչի։ Տնտեսական ճգնաժամը կվերածվի տնտեսական աղետի։

Թե ինչ նպատակով է այս հակապետական նախաձեռնությունն իրականացվում, կարելի է միայն ենթադրել։ Եթե մեր թշնամի պետությունը ցանկանա փլուզել Հայաստանը, ապա տնտեսության մեջ պետք է իրականացնի այն, ինչն առաջարկում է Բադասյանի «կանտոռան»։ Սա տնտեսական կյանքում երիտթուրքություն անել է նշանակում, այլ գնահատական հնարավոր չէ տալ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից