Հայաստանի վաճառքը կանխի՞կ, թե անկանխիկ եղանակով է իրականացվում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Վահան Բաբայանի հետ անդրադարձ է կատարվել այսօր Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամին, «Դիմադրություն» շարժման արձանագրած քայլերին և բացթողումներին, խորհրդարանական ընդդիմության գործելաոճին, վերջիններիս մանդատներից զրկելու՝ Փաշինյանի քաղաքականությանը։

Բանախոսը հստակ վերլուծության ենթարկեց Շարժման բացթողումները, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը այսօր պարտիան հաղթեց, պետք չէր մարդկանց խաբել, պետք է մարդկանց պատրաստեին երկարատև ծանր պայքարի։ Նաև ամրագրեց, որ Հայաստանում առկա է ոչ միայն քաղաքական ճգնաժամ, այլև խորհրդարանական,  «և եթե խորհրդարանական ընդդիմության այն հատվածը, որը որոշումներ է կայացնում, իրեն ճիշտ դրսևորի, ես կարծում եմ, խորհրդարանական ճգնաժամն ավելի կխորանա, և արդյունքում կունենանք մի իրավիճակ, որտեղ, ուզենք թե չուզենք, իշխանությունները պետք է գնան կոնկրետ քայլերի․․․», – հավելեց Բաբայանը։

Քաղաքական գործիչը նաև իր անհամաձայնությունը հայտնեց այն թեզին, թե մանդատները պետք են ընդդիմությանը․ «Մանդատները այսօր բեռ են դարձել, և շատ ավելի տհաճ և նվաստացուցիչ կլինի, եթե այդ մանդատներից զրկեն այդ ընդդիմադիր գործիչներին, քան թե իրենք բաց ճակատով այդ մանդատները դնեին և հայտարարեին, որ այդ խորհրդարանում իրենք անելիքներ չունեն, որովհետև սա որևէ աղերս չունի դեմոկրատական խորհրդարան, կամ առհասարակ խորհրդարան կոչվելու հետ»։

Բանախոսի հետ անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացին, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին և փոխադարձ շնորհավորանքներին, ինպես նաև Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներին։ Վահան Բաբայանի խոսքով՝ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի՝ ընդունում է Ռուսաստանի Դաշնությանը որպես իր ռազմավարական դաշնակից, իրական դաշնակից, և ոչ թե թղթի վրա։

«Ես տեսնում եմ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ խորը ինտեգրացիոն պրոցեսների մեջ, որովհետև այսօրվա դարաշրջանում կամ պետք է ընտրենք այդ ճանապարհը, կամ պետք է մեզ ստիպելով կամ խաղացնելով տանեն Թուրքիա», – ընդգծեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում