Էստոնիայի վարչապետ Կալլասը հայտարարել է իր հրաժարականի մասին

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է իր հրաժարականի և նոր կառավարությունը գլխավորելու պատրաստակամության մասին՝ նախորդ իշխող կոալիցիայի փլուզումից հետո, հինգշաբթի հայտնել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ և Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Կայա Կալլասը պաշտոնապես տեղեկացրել է կառավարությանը սեփական նախաձեռնությամբ հրաժարական տալու որոշման մասին։ Վարչապետի հետ հրաժարական կտա ամբողջ կառավարությունը։ Կալլասը հայտարարել է նոր կառավարությունը գլխավորելու իր պատրաստակամության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սահմանադրության համաձայն՝ վարչապետն այսօր նախագահին և խորհրդարանին կտեղեկացնի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։ Դրանից հետո նախագահ Ալար Կարիսը նրան վարչապետի նոր թեկնածու կնշանակի։ Կալլասը նաև առաջարկել է ուրբաթ օրը գումարել խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ նա մանդատ կխնդրի՝ Ռեֆորմիստական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Isamaa կուսակցության նոր կառավարական կոալիցիայի համար: