Շնորհակալ եմ, պարոն գեներալ, 5-րդ Բրիգադի բոլոր տղերքին՝ հարգանացս հավաստիքը

Այսօր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի

ծննդյան օրն է։ Առիթներ եղել են և մասնակցել եմ նրա ուրախություններին․․․ մի տեսակ «վախենալու» մարդ էր, բայց, պահի տակ զգում էի, որ երեխայի պես է, շատ պարզ էր շփումներում․․․ ԱԺ դահլիճում զուգահեռ շարքերում էինք նստում, Նիստերից առաջ, երբ մտնում էի դահլիճ, ինքը, հիմնականում, արդեն նստած էր լինում իր տեղում․․։ Այն օրերին, երբ ընդհանուր բարևում էի և նստում, անմիջապես նեղանում էր և արձագանքում․ «Մարգարիտա ջան, /անունս միշտ ամբողջությամբ էր ասում/, վա՞տ ենք իրար հետ, խռո՞վ ես»։ Ասում էի՝ չէ, պարոն գեներալ, անմիջապես երկրորդում էր՝ «Բա որ վատ չենք, ի՞նչի մի կարգին, հավեսով, ջիգյարով չբարևեցիր»․․․ Սիրում էր, որ անվանական բարևեմ, ձեռքը սեղմեմ․․․ Չէ, մենք մոտ հարաբերություններ չունեինք, չեմ կարող պարծենալ, բայց զգում էի, որ հատուկ հարգալից է․․․ Մի օր էլ լուսահոգի Ռոմիկը եկավ, թե՝ «Մարգարիտա ջան, արի գեներալի սենյակ, քեզ հրավիրում է»․․․։

Զարմացա, անգամ սենյակի տեղը չգիտեի․․․ Ռոմիկի հետ գնացինք․․․ Ներսում Սեյրան Սարոյանն էր, Մանվել Գրիգորյանը և էլի մարդիկ․․․ Մտա թե չէ, հանդիսավոր ոտքի կանգնեց․․․ Զարմացած էի․․․ Ինձ մեկնեց այս մեդալն ու գրքույկը և ասաց․ «Շնորհավորում եմ քեզ, դու արժանի ես մեր 5-րդ Բրիգադի 25 -ամյակի մեդալին»։ Ախր, պարոն գեներալ, ես ո՞ւր, ձեր 5-րդ հաղթական, Արցախ ազատագրած հերոսական բրիգադը ուր, ես ո՞նց եմ արժանի․․․ Թույլ չտվեց շարունակեմ։ Ձեռքս սեղմեց ու ասաց․ «Մարգարիտա ջան, ես կռվի գինը գիտեմ, ես զինվորին հեռվից եմ ճանաչում, լավ կռվողին, դու զինվոր ես, էլի, քո կռիվն էլ ուրիշ դաշտում ա»։

Ի՞նչ իմանար Արցախի հերոսը, որ էսօր էդ կռվի դաշտը նույնն է, նույնը՝ հանուն Արցախի, նաև իր ազատագրած Արցախի, որ էսօր կտրտվում և հանձնվում է ժամանակին Մանվելի անունից անգամ սարսափող ադրբեջանին․․․

Նաև Մանվել Գրիգորյանին և Արցախի հերոսներին, Արցախն ազատագրածներին վարկաբեկելով, կեղծ շոուներ սարքելով, սկսվեց Արցախի հանձնումը թշնամուն և, ցավոք դեռ շարունակվում է․․․

Ուշացումով ասեմ՝ շնորհակալ եմ, պարոն գեներալ, 5-րդ Բրիգադի բոլոր տղերքին՝ հարգանացս հավաստիքը․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից