Թրամփի նախկին խորհրդականը խոստովանել է, որ մասնակցել է այլ երկրներում պետական հեղաշրջումների նախապատրաստմանը

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ մասնակցել է այլ երկրներում պետական ​​հեղաշրջումների նախապատրաստմանը։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 12-ին CNN-ին տված հարցազրույցում։

Զրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է անցած տարվա հունվարին Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը և հավելել, որ հեղաշրջում նախապատրաստելու համար «փայլուն միտք պետք չէ ունենալ»։

«Դոնալդ Թրամփը այդպես չի անում: Սա քաոսային շարժում է մի գաղափարից մյուսը, մի պլանը ձախողվում է, իսկ մյուսը հայտնվում է: Որպես մեկը, ով օգնել է հեղաշրջումը պլանավորել ոչ թե այստեղ, այլ աշխարհի այլ մասերում, ես համաձայն չեմ: Դա մեծ աշխատանք է պահանջում»,- հավելել է Բոլթոնը։

Ավելի վաղ՝ մարտի 19-ին, Ջոն Բոլթոնը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը լուրջ սխալ թույլ տվեցին, երբ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումից առաջ հայտարարեցին, թե Արևմուտքը չի միջամտում իրավիճակին։

Մայիսի 13-ին նա ասել է, որ Ուկրաինան և Բելառուսը պետք է մտնեին  ՆԱՏՕ՝ վերացնելու համար «գորշ գոտին», որն առաջացել է Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջև։

Նաև National Review-ի իր սյունակում նախկին խորհրդական Բոլթոնը կոչ է արել Վաշինգտոնին հակահարված տալ Ռուսաստանին Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Բացի այդ, հունվարի 19-ին Բոլթոնը Թրամփին անվանել է ԱՄՆ վատագույն նախագահ։