Գերմանիան օգոստոսի 1-ից կհրաժարվի ռուսական ածխից, դեկտեմբերի 31-ից՝ նավթից

Գերմանիան օգոստոսի 1-ին ամբողջությամբ կհրաժարվի ռուսական ածուխից, իսկ դեկտեմբերի 31-ից՝ ռուսական նավթից։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ մեջբերելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի տնտեսական հարցերով օգնական Յորգ Կուկիսի խոսքերը։

«Յուրաքանչյուր ոք, որը ծանոթ է «Դրուժբա» նավթամուղի պատմությանը, որը խորհրդային կայսրության գործիքն էր Արևելյան Եվրոպայում, այդ կախվածությունից ազատվելը սովորական գործ չէ, բայց դա հենց այն է, ինչին մենք կհասնենք մի քանի ամսից հետո»,- ասել է նա Սիդնեյի էներգետիկ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ այժմ Գերմանիայի համար ամենադժվարը կլինի ռուսական էներգետիկ ռեսուրսներին այլընտրանք գտնելը։ Կուկիսը հավելել է, որ ԱՄՆ-ը և Քաթարը միասին կարող են Եվրոպային տրամադրել մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ՝ հեղուկ գազի տեսքով, սակայն դա դեռ բավարար չէ ռուսական գազի փոխարինման  համար։