Միայն և միայն քաղաքական կամքը

Հայաստանը հազարավոր հին ու նոր հնավայրեր, քաղաքներ, ամրոցներ, տաճարներ, վանքեր, եկեղեցիներ ու կոթողներ ունի։ Դրանք մեր երկրի պատմական, մշակութային և գեղագիտական կերպարը ներկայացնում են ավելի, քան բավարար տեսքով։ Երբմեն նույնիսկ ավելին, քան դրա կարիքը կա, երբ նկատի ենք առնում հատկապես մերօրյա սնկակերպ աճող նորելուկները։

Մշակութային անշարժ-լանդշաֆտային ժառանգության հանդեպ պետական քաղաքականությունը պիտի ուղղված լինի այդ ամենի պահպանմանը, վերկանգնմանը, խնամքին ու հանարհռչակմանը, հանրույթի, համայնքի, առանձին խմբերի, քաղաքացու և ժառանգության միջև ավելի սերտ, հոգատար ու խնայող փոխհարաբերությունների հաստատմանը։

Մշակութային ցանկացած գործընթաց ու նորարարություն օրենսդրորեն պիտի պարտավորված լինի հետևել նույն հոգատար ու խնայող սկզբունքներին։

Պարզ բաներ եմ գրում։ Ի՞նչն է խանգարում ստեղծել նույնքան պարզ ու հստակ մի հայեցակարգ, ընդունել օրենսդրական ակտեր ու կարգավորումներ և անշեղորեն կատարել այն։ Պատճառները շատ են։ Բայց կարծում եմ դրան նախ և առաջ խանգարում են պետական մտածողության պակասը, մասնագիտական հսկա ներուժի անկազմակերպ վիճակն ու վարչարարական անտանելի մեխանիզմներն ու պրակտիկաները։ Եթե կա նպատակի հստակ գիտակցումը, դրանից բխող խնդիրների սահմանումը, դրանց խանգարող թերությունների գույքագրումը, մնում է միայն քաղաքական կամքը։ Միայն և միայն քաղաքական կամքը։ Քաղաքական կամք, որով երբեք աչքի չեն ընկել անկախության ավելի քան երեսնամյա հնարավորությունները մսխած իշխանությունները։

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից