Եվրոպական մի շարք երկրներ վերադառնում են պարտադիր զորակոչին

Գերմանացիների գրեթե կեսը կողմ է զորակոչի վերականգնմանը: Հարցվածների 47 տոկոսը կողմ է համընդհանուր զինծառայության վերադարձին, որը չեղարկվել էր 2011 թվականին, փաստում են սոցիոլոգիական հետազոտությունները։

Ուկրաինայում ռազմական հակամարտության լույսի ներքո Գերմանիայում հարցվածների հարաբերական մեծամասնությունը կողմ է զինվորական զորակոչի վերականգնմանը, սա բխում է Insa ինստիտուտի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներից, գրում է գերմանական Frankfurter Rundschau թերթը:

Եվրոպական մեկ այլ երկրում՝ Լատվիայում, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը հայտարարել է, որ զինված ուժերում համալրման համակարգի բարելավման նպատակով պաշտպանության նախարարությունը կառաջարկի Լատվիայում ներդնել համընդհանուր զինծառայության համակարգ:

Պաշտպանության նախարարը նշել է, որ ներկայիս համակարգն իրեն սպառել է: Նախատեսվում է համընդհանուր զինծառայության համակարգը ներդնել մոտակա 5 տարիների ընթացքում` աստիճանաբար: Իսկ 2023 թ. հունվարի 1-ից կսկսվի առաջին փուլը, որի ընթացքում հնարավոր կլինի կամավոր կերպով մասնակցել զորակոչին:

Նախատեսվում է զորակոչ անցկացնել տարեկան 2 անգամ` հունվարի 1-ին և հուլիսի 1-ին: Զորակոչի ենթակա են 18-27 տարեկան տղամարդիկ: Կանանց ծառայությունը կիրականցվի կամավոր հիմունքներով:

Այսպիսով, Լատվիայի պաշտպանության նախարարության նպատակն է 5 տարվա ընթացքում ազգային զինված ուժերի թիվը պատերազմական պայմաններում հասցնել 50.000-ի:

Այս ամենը, Լատվիայի պաշտպանության նախարարի բնութագրմամբ, պատճառաբանված է ուկրաինական ճգնաժամով:

Եվրոպական մեկ այլ երկիր՝ Լիտվան , պատրաստ է մինչև 2027 թվականը ներդնել համընդհանուր զորակոչ: Լիտվայում ընդհանուր զորակոչը կարող է մտցվել 2027 թվականին՝ զինված ուժերի նոր զինվորական ծառայության անցնելուց հետո։ Այս մասին «5min.lt» լրատվական հարթակին տված հարցազրույցում ասել է բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալդեմարաս Ռուփշիսը։

Հիշեցնենք, որ Լատվիայի Գերագույն խորհուրդը պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 10-ին։ Առաջին զորակոչը տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլին, վերջինը՝ 2006 թվականի նոյեմբերի վերջին։ 2007 թվականից երկրում գործում է պրոֆեսիոնալ բանակային համակարգ, որը ենթադրում է միայն պայմանագրային զինծառայություն։ Սակայն առկա անվտանգային սպառնալիքներին հնարավոր չէ դիմագրավել առանց պարտադիր զինծառայությամբ համալրված կանոնավոր բանակի, ուստի նորից անցում է կատարվելու է մինչև 2006 թվականը գործող համակարգին։

Վերջին շրջանում այսպիսի միտում է նկատվում Եվրոպայի նաև այլ երկրներում, ինչը  վերահաստատում է այն փաստը, որ աշխարհը գնում է դեպի ռազմականացում: Եվ նույնիսկ ՆԱՏՕի անդամ լինելը բավարար երաշխիք չէ  Լատվիայի համար, ուստի վերջինս որոշում կայացրեց աստիճանաբար վերականգնելու պարտադիր զորակոչը: