Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին․ «Հենակետ»

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Հուլիսի 8-ին, ադրբեջանական բանակի ուսումնավարժական կենտրոնում տեղի է ունեցել «պահեստի սպաների պատրաստման» դասընթացն ավարտած զինծառայողների շրջանավարտության արարողությունը: Զորամասերից մեկում սկսվել են զինապարտների ուսումնական հավաքներ, որոնք կտևեն մինչև հուլիսի 23-ը։

Ադրբեջանի Ինժեներական զորքերի սպաների գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով շաբաթվա ընթացքում անցկացվել են ուսումնամեթոդական հավաքներ։ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական և թուրք զինվորականների մասնակցությամբ շարունակվում են համատեղ զորավարժությունները։

Ադրբեջանական կայքերի տեղեկացմամբ՝ Զաքիր Հասանովը ներկա է գտնվել պաշտպանական գերատեսչության կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության օպերատիվ կենտրոնի բացմանը:

Հուլիսի 8-ին Զաքիր Հասանովը Մարտունիի (Խոջավենդի) շրջանում հետևել է Ցամաքային զորքերի կոմանդոսի ստորաբաժանումների ուսումնական վարժանքներին: Հասանովը, նախարարության ղեկավար կազմը և Մարտունիի (Խոջավենդի) շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էյվազ Հուսեյնովը մասնակցել են այդ շրջանում նոր զորամասի բացմանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը մասնակցել է նաև շտաբի նոր շենքի բացմանը։

Թուրքական «Öztek Holding» տեքստիլ ընկերությունը Ստամբուլի դատարան պարտքի հայց է ներկայացրել Ադրբեջանի ՊՆ-ի դեմ։ Ընկերությունը պնդում է, որ չի կարողացել վաճառված գործվածքի դիմաց ադրբեջանցի գնորդից ստանալ 157 հազար դոլար։

ԱՄՆ կոնգրեսականներ Թոնի Կարդենասն ու Բրեդ Շերմանը ներկայացրել են լրացում 2023 թ-ի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով կոչ են անում պաշտպանության պետքարտուղարությանը պետդեպի հետ խորհրդատվությամբ Կոնգրես ներկայացնել զեկույց 2020 թ-ի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թ-ի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանում Լիտվայի դեսպան Էգիդիուս Նավիկասը հայտարարել է, թե լիտվական ընկերություններն արդեն քննարկումներ են անցկացնում Ղարաբաղի վերակառուցման նախագծերին մասնակցելու վերաբերյալ։

Շուշիի պետական արգելոցի վարչությունը տեղեկացրել է, թե բաց մրցույթ է հայտարարում Հարավային բնակելի գոտու 23 շենքերից բաղկացած բնակելի թաղամասի 3 և 5 հարկանի 15 բնակելի շենքերի կառուցման համար:

Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը հայտարարել է, թե Շուշիում արդեն ընթացքի մեջ է 23 տնից բաղկացած առաջին բնակելի համալիրի շինարարությունը, իսկ հաջորդ տարի քաղաքի առաջին բնակիչներին կհանձնվեն տների բանալիները։

Ադրբեջաի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը հայտարարել է, թե ներկայումս Ակնայի (Աղդամի) արդյունաբերական պարկը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 190 հա, ունի 9 ռեզիդենտ, ովքեր նախատեսում են ավելի քան 50 մլն մանաթի ներդրում անել, ինչը թույլ կտա ստեղծել ավելի քան 1000 մշտական աշխատատեղ։

Թուրքիայի դեսպանատան առևտրային հարցերով գլխավոր խորհրդական Յագուբ Սեֆերը հայտարարել է, թե ներկայումս Արցախից գրավված տարածքներում գործում է 30 թուրքական ընկերություն, որոնք 1 մլրդ դոլարի ներդրումներ են կատարելու։

Քարվաճառի շրջանում կանգնեցվել է «Երկաթե բռունցք» հուշարձանը՝ դեպի երկինք բարձրացված բռունցքի տեսքով։ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ ավարտին է մոտենում ոչխարաբուծական և մեղվաբուծական տնտեսությունների տեղափոխումը դեպի Արցախից գրավված տարածքներում գտնվող արոտավայրեր։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը հայտարարել է, թե Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են ավարտել սահմանին «Խուդաֆերին» եւ «Գիզ Գալասի» հիդրոհանգույցների շինարարությունը։

Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից, այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտ է բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը մեծ օգուտ կբերի տարածաշրջանին։

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե Ղարաբաղի խնդրից հետո Կովկասում բոլոր երկրները արդեն պիտի համախմբվեն։

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, թե հաջողվել է մոտեցնել Բաքվի և Երևանի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների շուրջ։

Հունական Կոմոտինի շրջանում տեղի է ունեցել Հունաստան-Բուլղարիա (IGB) ինտերկոնեկտորի՝ փոխկապակցիչի բացումը, որով ադրբեջանական գազը մատակարարվելու է Բուլղարիա։

Արարողությանը մասնակցել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Վերջինս IGB-ի իրականացումն անվանել է «TAP գազատարի զարգացման կարևոր փուլի սկիզբ և Հարավային գազային միջանցքի նոր ճյուղերով դիվերսիֆիկացման ցուցիչ»:

Բուլղարիայի վարչապետ Պետկովը հայտարարել է, որ Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման (IGB) բացումը և դրա միջոցով ադրբեջանական գազի մատակարարումը վերջ կդնի ռուսական մենաշնորհին։

Հիշեցնենք, որ IGB խողովակաշարի թողունակությունը, որով ադրբեջանական գազը մատակարարվում է Բուլղարիա, կազմում է 3 միլիարդ խորանարդ մետր, մոտ ապագայում նախատեսվում է այդ ծավալը հասցնել 5 միլիարդ խորանարդ մետրի։

Նովոռոսիյսկից ղազախական նավթի արտահանման մշտական դադարեցման ֆոնին Ղազախստանի իշխանությունները որոշել են զարգացնել մատակարարումներն այլընտրանքային երթուղով՝ Ադրբեջանի տարածքով նավթը հասցնել թուրքական Ջեյհան նավահանգիստ։

 Այլ թեմաներ

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խտրական քաղաքականությունը երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Մասնավորապես, Աստարայի շրջանի գործադիր իշխանությունը թույլ չի տվել ֆոլկլորային փառատոն անցկացնել, որը նախաձեռնել է Խամոշամ գյուղի քաղաքային խորհուրդը, որտեղ ապրում են էթնիկ թալիշներ։ Ադրբեջանի Թալիշների հանրային խորհուրդը սա դիտարկել է որպես իշխանությունների խտրական քաղաքականության դրսևորում թալիշ ժողովրդի նկատմամբ։