Պարեկներ կգործեն ևս չորս մարզերում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ:

Կառավարությունից հայտնում են, որ ներկայացվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներով առաջիկա 6 ամսվա անելիքները, այդ թվում՝ Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման ընթացքը:

Զեկուցվել է, որ տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է Պարեկային ծառայության կառավարման օպերատիվ կենտրոնի ներդրման շարունակականության ապահովում: Հաջորդիվ պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձևավորվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում, ապա ողջ հանրապետությունում:

Վերը նշված 4 մարզերում ապագա պարեկների ուսումնական գործընթացները մեկնարկելու են օգոստոս ամսին: Ընդհանուր առմամբ, պարեկային ծառայության անցնելու համար դիմել է 1880 անձ, որոնցից 718-ն է միայն ոստիկանության ծառայող: 1332 անձ իրավունք է ստացել մասնակցելու քննական գործընթացին, որոնցից ծառայության կանցնեն 606-ը: