Ընդդիմությունը խորհրդարան կվերադառնա բացառապես իր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան

«Ես չեմ ասել, որ օգոստոսի 2-ից սկսում ենք պաշտոնանկության գործընթացը, այլ ասել եմ, որ օգոստոսի 2-ից մեր գործիքակազմին ավելանալու է ևս մեկը՝ պաշտոնանկության հնարավորությունը: Նաև ասել եմ շատ հստակ, որ այդ գործընթացի մեջ կմտնենք միայն այն ժամանակ, երբ հաջողության համար լինի բավարար հիմքեր»,-հրավիրված ասուլիսում հայտնեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, որ ընդդիմությունը խորհրդարան կվերադառնա բացառապես իր օրակարգով:

Անդրադառնալով կարծիքին, թե ընդդիմությանը չի հաջողվել ժողովրդին փողոց դուրս բերել՝ բանախոսն ասաց. «Նախ էդ որ ասում են՝ ընդդիմությանն ինչքան քվեարկող եղել է, այդքանը պետք է դուրս գան փողոց, այդ տրամաբանությամբ թող վաղը Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անի ու 680 հազար մարդ հանի փողոց, եթե հանեց 10 հազար մարդ, ֆիքսում ենք, որ իր աջակիցների թիվը այդքան է: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, Նիկոլը գոյություն չունի, որովհետև ինքն աջակից չունի, որովհետև մնացել է ոստիկանների հույսին»:

Հարցադրմանը, թե ժողովուրդն ընդդիմությանը քվե է տվել, որ աշխատեն ԱԺ-ում՝ Սաղաթելյանն ասաց. «Մեր քվեարկողների ուղերձը շատ հստակ է, մեկ տարի առաջ այս օրերին մենք ընտրողներին ասել ենք, որ ձգտում ենք ուժեղ Հայաստան կառուցել, արժանապատիվ խաղաղություն հաստատել, դրա համար անհրաժեշտ է այս իշխանություններին հեռացնել, հասնել Արցախի ինքնորոշման իրավունքին»:

Նրա խոսքով՝ մարդիկ ընդդիմությանը քվե չեն տվել, որ գնան միայն խորհրդարանում աշխատեն, քանի որ երկիրը չի գտնվում մի հանգրվանում, որ այս փուլում գնան խորհրդարան և զբաղվեն շոուներով:

Իշխան Սաղաթելյանը պատասխանեց ՔՊ-ական պատգամավորների այն հայտարարությանը, թե ընդդիմությունը չի գալիս ԱԺ՝ գոնե պաշտպանության ոլորտի օրենքները քննարկելու համար:

«Եթե մենք հասկանանք, որ իրենք մի տոկոս ցանկություն ունեն բանակը վերականգնելու, մեր առաջարկները լսելու, համատեղ քննարկումներ անելու, կգնանք, բայց մենք այս ընթացքում շատ անհաջող փորձեր ենք արել՝ այդ ամեն ինչը քննարկելու»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա կարծիքով՝ իշխանության կատարած քայլերի նպատակը բանակը քաղաքականացնելն է, որպեսզի իրենց իշխանությունը լինի լիարժեք:

«Ակնհայտ է, որ կա քաղաքական ճգնաժամ, որը չի հաղթահարվելու, մինչև սրանք չհեռանան: Վստահ եղեք՝ մեր ընտրողների ցանկությունը նա չի, որ գնանք խորհրդարան և զբաղվենք երկրորդական հարցերով: Օրակարգն այսօր փողոցում է, հարցերը լուծվելու են այդ ճանապարհով, և մենք պարտավոր ենք թափ տանք շարժմանը և հասնենք հայտարարված նպատակին»,-ասաց Սաղաթելյանը, նշելով, որ բոլոր բացթողումները, կազմակերպական դժվարությունները գրանցված է, և այդ թերությունները վերացնելու ուղղությամբ տարվում է հսկայական աշխատանք։ Նա նաև  տեղեկացրեց, արդեն ստեղծել են 8 կոմիտե, հանձնախմբեր, որոնք այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում: