Իշխանություններն ինչ են ուզում, որ մենք լսենք և ինչ չեն ուզում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է լրագրող Էդուարդ Սարիբեկյանը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ մեր կյանքում տեղեկատվության խաղացած դերի կարևորությանը՝ մասնավորապես օրինակ բերելով Բերձորը, Աղավնոն և Սուսը ադրբեջանցուն հանձնելու մասին տարածված լուրերը, որոնք շատ կարճ ժամանակում մարեցին և դուրս եկան օրակարգից։ Այնինչ, ըստ հյուրի, այդ թեման պետք էր ավելի թեժացնել և հանրության համար պարբերաբար լուսաբանել, թե բնակավայրերի հանձնմանն առնչվող ինչ որոշումներ են կայացվել, արդյո՞ք դրանք հնարավոր կլինի պահպանել, թե այս իշխանությունները  հոժարակամ կնվիրեն մեր թշնամուն։ Ի վերջո նաև պարբերաբար լուսաբանելով նպաստել նրան, որ բնակավայրերը չտրվեն Ադրբեջանին, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նման բան հստակ նախատեսված չէ։

Խոսեցինք իշխանության տրամադրած տեղեկատվության և Հայաստանի մարզերում ընդդիմադիր լրատվամիջոցների հեռարձակումը հնարավորինս սահմանափակելու կամ արգելափակելու մասին։ Ինչի՞ց է վախենում իշխանությունը, ինչո՞ւ է ոչ իշխանական լրատվամիջոցներին տարբեր տուգանքների միջոցով ճնշում և կրճատում նրանց ռեսուրսները, ի՞նչ չի ցանկանում իշխանությունը, որպեսզի իմանա հանրությունը։ Մյուս կողմից էլ ըստ Էդուարդ Սարիբեկյանի՝ հանրությունը պատրաստ չէ մարսելու իրեն սպառնացող վտանգների, մարտահրավերների մասին լուրերը, քանի որ նրա ինքնապահպանության բնազդը բթացած է։ Հանրությանն ավելի հետաքրքիր է կենցաղային թեմաները քննարկելը, և նա հեշտությամբ կուլ է տալիս հենց այդ տեղեկատվությունը՝ այն, ինչ իրենց ականջահաճո է, որը չի անհանգստացնում, չի մտահոգում, լարում։ Ահա ինչու նրանք ավելի շատ ցանկանում են լսել, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունն ավելի լավ ապագա է բերելու իրենց։ Էական չէ, որ այսօր իրենք այդ լավը չեն զգում։ Հակառակը՝ իրենց կյանքը, ապրուստն ավելի է դժվարացել։

Մանրամասները՝ տեսանյութում