Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Արցախի կառավարության և «Ապագա հայկականը» նախաձեռնության համագործակցությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 6-ին Երևանում մասնակցել
է «Ապագա Հայկականը» նախաձեռնության երկրորդ համաժողովին, որտեղ քննարկվել են Արցախի և
Հայաստանի կայուն զարգացման հեռանկարները:
Արցախի կառավարությունից հայտնում են, որ պետական նախարարը բարձր է գնահատել Արցախի
կառավարության և նախաձեռնության միջև առկա համագործակցությունը, ողջունել առաջին համաժողովն
Արցախում կազմակերպելու փաստը, որը և՛ խորհրդանշական, և՛ կիրառական կարևոր նշանակություն
ուներ:
«Արցախյան համաժողովն արդյունավետ էր ձևաչափի ու մեթոդաբանության տեսանկյուններից, քանի որ
ներառականության սկզբունքի հիման վրա հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ
հնարավորություն ունեին ազատորեն իրենց կարծիքը արտահայտել իրավիճակի և ապագա լուծումների
վերաբերյալ: Կարևոր էր նաև թեմայի ընտրությունը, որովհետև Արցախի երկարաժամկետ զարգացման
համար կարևորագույն հենասյուներից մեկը ժողովրդագրությունն է, և այդ ուղղությամբ ևս համազգային
համախմբման կարիք կա»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Պետական նախարարը շեշտադրել է, որ Հայաստանի և ամբողջ հայության համար Արցախը բացառիկ
նշանակություն ունի, և «Ապագա հայկականը» նախաձեռնությունը կարող է լինել արդյունավետ
հարթակներից մեկը Արցախի անվտանգային, ժողովրդագրական, տնտեսական, կրթական և այլ
ուղղություններով երկարաժամկետ զարգացման նպատակով հայկական ներուժի համախմբման համար: