Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի հանձնման մասին Նիկոլի հայտարարությունները հաղորդում են նախապատրաստվող պետական դավաճանության մասին. 7

Սկիզբը` այստեղ

Նիկոլի և ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի համաձայնությամբ այժմ ադրբեջանական հատվածում թափով կառուցվող ճանապարհը, որը գտնվում է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքից դուրս, ի համեմատ Քաշաթաղի միջանցքով այժմ գործող ճանապարհի, լինելու է վտանգավոր:

Հարությունյանի արտահայտած այն կարծիքը, թե Հայաստանը և Արցախն իրար կապող նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու, չի համապատասխանում իրականությանը և չունի որևէ արժեք: Սկսենք նախ նրանից, որ Քաշաթաղի միջանցքով ոչ միայն միջպետական ավտոմայրուղին է անցնում, այլ նաև Արցախը բնական գազով ապահովող գազատարը, էլեկտրականությամբ ապահովող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, ինչպես նաև կապի մալուխները:

Նոր ճանապարհի կառուցումից հետո, ինչպես նախատեսված է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  (այսուհետ` Հայտարարության) 6-րդ կետի 2-րդ պարբերությամբ, այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմը վերատեղաբաշխվելու, վերատեղակայվելու է, այսինքն` ներկայումս գործող ավտոմայրուղին դրանից հետո այլևս ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ու պահպանման ներքո չի լինելու: Նշված զորակազմի վերահսկողության ու պահպանման ներքո լինելու է նոր ավտոմայրուղին, հայտարարությունում առկա ձևակերպմամբ` երթևեկության նոր երթուղին:

Անտեղյակ ընթերցողը կարող է մտածել` դե, ի՞նչ տարբերություն, ռուսական խաղաղապահ զորակազմն այժմ գործող ճանապարհի փոխարեն, նոր ճանապարհը կվերահսկի, կպահպանի այն կառուցումից հետո:

Բավական է, սակայն, ընդամենը ծանոթանալ Հայտարարության 6-րդ կետի 1-ին պարբերությանը` տեղեկանալու և հասկանալու համար, որ, ըստ նշված փաստաթղթի, ռուսական զորակազմը նոյեմբերի 9-ից հետո և այժմ էլ վերահսկում, պահպանում  է ոչ միայն Քաշաթաղի միջանցքով անցնող ավտոմայրուղին, այլև 5 կմ լայնության ողջ Քաշաթաղի միջանցքը, որով անցնում են և՛ ավտոմայրուղին, և՛ գազատարն ու վերոնշյալ մյուս կոմունիկացիաները:

Հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերությամբ թեև նախատեսված է երթևեկության նոր երթուղու կառուցում` կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնությամբ դրա պլանի որոշմամբ, սակայն պարզ նշված է` «Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու», ինչը նշանակում է, որ նոր երթուղու վերահսկողությունը, պահպանությունն իրականացնելիս, ռուսական խաղաղապահ զորակազմը Քաշաթաղի միջանցքից դուրս չի գալու, քանի որ երթևկության նոր երթուղին նույնպես Քաշաթաղի միջանցքով է, իսկ հայտարարության 6-րդ կետի 1-ին պարբերությամբ էլ նախատեսված է, որ Լաչինի միջանցքը մնալու է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Արայիկ Հարությունյանի և Նիկոլի, ինչպես նաև Ալիևի և Նիկոլի (կամ նրանց համապատասխան ենթակաների) հայադավ համաձայնության արդյունքում երթևեկության նոր երթուղին, Հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության խախտմամբ, կառուցվում է Քաշաթաղի միջանցքից դուրս, ինչը նշանակում է, որ դրա կառուցումից հետո խաղաղապահները հարկադրված դուրս են գալու Քաշաթաղի միջանցքից, վերատեղաբաշխվելու են, որպեսզի պահպանեն նոր ճանապարհը:

Հայաստանից Արցախի գազամատակարարումն ապահովող, Քաշաթաղի միջանցքով անցնող միակ գազատարը դրանից հետո մնալու է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից այլևս չվերահսկվող Քաշաթաղի միջանցքում, արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո: Քաշաթաղի միջանցքից դուրս այժմ կառուցվող երթևեկության նոր երթուղուն զուգահեռ գազատարի կառուցում չի նախատեսված ու չի կառուցվում:

Արդյոք հարկ կա՞ բացատրել, թե ինչ է նշանակում Ադրբեջանի վերահսկողությանն անցած գազատար` սկսած գազի գողությունից, մինչև փականները փակելու, պայթեցնելու միջոցով գազամատակարարման հաճախակի դադարեցում, խոչընդոտում, երբ ցանկանան Արցախին, արցախցիներին այս կամ այն հարցում իրենց կամքը թելադրել: Մի խոսքով, կարող են այդպես այնքան վարվել, մինչև արցախցիները հարկադրված լինեն թողնել Արցախը և հեռանալ: Ախր մենք մեր թշնամուն լավ ենք ճանաչում, Նիկոլը և Արայիկ Հարությունյանն էլ չեն կարող չիմանալ, թե Ալիևը, նրա ենթակաները, ադրբեջանցիներն ովքեր են, բայց…

Ադրբեջանը կարող է նաև այսպիսի տարբերակ ընտրել` իր բռնազավթած հատվածի կողմից, իր զբաղեցրած տարածքներով կառուցել նոր գազատար, իր կողմից ապահովել Արցախի գազամատակարարումը, վերացնել, շարքից հանել կամ փակել Հայաստանից Արցախ այժմ գործող գազատարը, և այդպիսով Արցախի ղեկավարությանը, ողջ արցախցիներին իրենից կախման մեջ դնել` դեռ չզավթած մնացած տարածքի զավթման քաղաքականությունը հաջողությամբ իրականացնելու համար:

Հիմա անցնենք բուն ճանապարհի` այժմ կառուցվող երթևեկության նոր երթուղու անվտանգությանը: Ի տարբերություն այժմ Քաշաթաղի միջանցքով անցնող ավտոմայրուղու, որով երթևեկողներին թեթև զինատեսակներով (ատրճանակ, հրացան, ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ) հնարավոր չէ նշանառու կերպով թիրախավորել, նոր ճանապարհով երթևեկողներին հնարավոր է լինելու դրանցով հեշտությամբ թիրախավորել: Ինչո՞ւ…

Այն պարզ պատճառով, որ ներկայումս գործող ավտոմայրուղին անցնում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի միջանցքով, որն ունենալով 5 կմ լայնություն, բուֆերային գոտի է հանդիսանում ընդամենը 10-15 մետր լայնություն ունեցող ավտոմայրուղու համար, իսկ նոր ավտոմայրուղին երկու կողմից բուֆերային գոտի չի ունենալու, առավել ևս` չի լինելու 5 կմ լայնության միջանցք:

Ադրբեջանն այժմ, իհարկե, կարող է 2-3 կմ հեռավորությունից ծանր զինատեսակներով թիրախավորել ներկայումս գործող ավտոճանապարհով երթևեկողներին, սակայն քանի որ այդ դեպքում արդեն անվիճելի կլինի, որ կրակն արձակվել է հենց Ադրբեջանի ԶՈւ կողմից, և ոչ թե ինչ-որ անհատ ադրբեջանցիների, որոնք չեն կարող հրետանային ու հրթիռային զինատեսակներ ունենալ, չի համարձակվում այդ քայլին գնալ, ինչը կնշանակի խնդիրներ ունենալ ռուսական խաղաղապահների, ՌԴ-ի և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բոլորովին այլ իրավիճակ կառաջանա երթևեկությունը Քաշաթաղի միջանցքից դուրս կառուցվող ու բուֆերային գոտի չունեցող նոր ճանապարհ տեղափոխելու դեպքում: Ցանկացած ադրբեջանցի զինվորական կամ թեթև զինատեսակ ունեցող քաղաքացիական անձ մի քարի հետևից, մի անկյունից հեշտությամբ կարող է կրակել նոր ճանապարհով երթևեկող հայկական տրանսպորտի վրա` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության թաքուն կազմակերպմամբ կամ թեկուզ առանց դրա:

Պարզ է նաև, թե այդպիսի յուրաքանչյուր դեպքից հետո Ադրբեջանի ղեկավարությունը, իրավապահ մարմիններն ինչ կասեն, ինչ վարք կդրսևորեն: Իրենց բնորոշ խորամանկությամբ, ծայրահեղ դեպքում, միջադեպը ձևականորեն, կեղծավորաբար անթույլատրելի կհամարեն, կդատապարտեն այն կատարողին, սակայն միայն խոսքերով: Ձևականորեն քրեական գործեր կհարուցեն, այսինքն` թե որ բացահայտեցինք կամ բռնեցինք կատարողին, կպատժենք: Եթե, իրենց փոխարեն, ռուսական խաղաղապահներին նույնիսկ հաջողվի բացահայտել, բռնել կատարողին, ապա միանգամայն սպասելի է, որ Ադրբեջանում նրան պատժելու փոխարեն, կհերոսացնեն, ինչպես հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին:

Ավելին. Քաշաթաղի միջանցքը ոչ թե սոսկ ճանապարհ է, այլ իրավական կարգավիճակ` ի տարբերություն նոր ճանապարհի:

Շատ կարևոր է նաև այն, որ Ադրբեջանը, Հայտարարության 6-րդ կետի 3-րդ պարբերության համաձայն, պարտավորություն ունի երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը, մինչդեռ նոր ճանապարհի դեպքում նշված պարտավորությունը չունի ու կասկածից գրեթե դուրս է, որ չի էլ ունենալու, որովհետև համարժեք երաշխիք կարող է լինել միայն բարձր մակարդակով (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ) նոր եռակողմ հայտարարության ստորագրման դեպքում:

Հատուկ նոր ճանապարհի համար այդպիսի հայտարարության ստորագրումն իրատեսական չէ, մանավանդ, հայկական կողմից, հայկական կողմի համաձայնությամբ Հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության խախտումից և, ենթադրելի է, Պուտինին զայրացնելուց հետո…

 

Արթուր Հովհաննիսյան