Ադրբեջանը փորձում է հայատյացության քաղաքականությունն արտահանել այլ երկրներ

Հուլիսի 5-ին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում
Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութը Արցախի Մեհմանա
գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում սովորական
դարձած հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ
«արտահանելու» ջղագրգիռ փորձ։ Այս մասին հայտարարել է Հունաստանում Հայաստանի
դեսպանությունը:
 «Արցախի Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղը հիմնվել է չորս հույն հանքահանների կողմից, ովքեր,
ըստ նրանց հետնորդների, ցեղասպանությունից մազապուրծ Պոնտոսի հույներ էին։ Մինչև պատերազմը
հույներն ու հայերն այստեղ ապրել են կողք կողքի, կային բազմաթիվ հայ-հունական ընտանիքներ։
1992 թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի
հետևանքով Ադրբեջանը գրավել է Մեհմանա գյուղը՝ ողջ Մարտակերտի շրջանի հետ, նրա հույն
բնակիչներին հազարավոր հայերի հետ ստիպելով լքել իրենց օջախները»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Արցախի Հանրապետության հունական համայնք»
հասարակական կազմակերպության ղեկավար և Արցախում հայտնի հեռուստալրագրող Սոֆի Իվանիդիսը,
ում ծնողները Մեհմանայից են, պատմում է, որ արցախյան պատերազմի ժամանակ Արցախի հույները դիմել
են Հունաստանի կառավարությանը՝ իրենց ընդունելու խնդրով, և կառավարությունն ընդառաջել է նրանց:
1992թ. այս կապակցությամբ Արցախի հունահայ շատ ընտանիքներ տեղափոխվել են Հունաստան: Այդ
ժամանակ ծնողները որոշել են մնալ Արցախում, հակառակ նրան, որ իրենց ձեռքի տակ ունեցել են
Հունաստանի կառավարության կողմից տրված մշտական բնակության փաստաթուղթը: «Մենք մնացել ենք
Արցախում և բոլորի հետ ապրել արցախյան պատերազմի դժվար օրերը և պատվով հաղթել»։
Մեհմանան մեկ տարի անց ազատագրվել է, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաև
մեհմանացիները: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հիմնովին ավերված գյուղը վերակառուցվել է և
հույներից ոմանք վերադարձել են, այդ թվում Սոֆի Իվանիդիսի 80-ամյա պապը՝ Նիկոլա Իվանիդիսը, ով
հայրենի գյուղում 15 տարի անց կնքել է իր մահկանացուն։
«Ադրբեջանի CBC TV հեռուստաալիքի տեսանյութում հունական ուղղափառ եկեղեցու ու հունական
պատմամշակութային ժառանգության «ոտնձգության» փաստերը ևս խեղաթյուրված են և չեն
համապատասխանում իրականությանը, քանի որ վկայակոչվող եկեղեցին Մարտունու շրջանի Գևորգավան
տեղանքում գտնվող ռուսական եկեղեցի է, որն, ի դեպ, խոցվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած
առաջին պատերազմի, այնուհետ նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հնարավորություն չտալով
այն վերականգնել։

Տեսանյութը դիտավորյալ լռում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերված մեկ այլ ուղղափառ
եկեղեցու՝ Շուշիի հունական ուղղափառ (ռուսական) Մեծ նահատակ Գեորգի Հաղթականի տաճարի մասին,
ուր հաճախում էին նաև հույները։ 1960-ականների սկզբներին, երբ ԱԽՍՀ ղեկավարությունը որոշեց
քանդել Շուշիի հայկական մասը, ապամոնտաժվեց նաև եկեղեցին, որի հիմքի վրա կառուցվեց Մշակույթի
տան շենքը։
CBC TV հեռուստաալիքի տեսանյութը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական փորձն է շեղել
միջազգային հանրության ուշադրությունը այդ պետության կողմից 2020 թ. ռազմական գործողությունների
ընթացքում հայկական եկեղեցիների ռմբակոծման կոնկրետ փաստերից և զինադադարի հաստատումից հետո
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացմանն ու
պատմամշակութային հուշարձանների վերափոխմանն ուղղված քաղաքականությունից, ինչի առնչությամբ
2022թ մարտին Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման
վերաբերյալ» վերտառությամբ բանաձև է ընդունել։
Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային
ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ
իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային
կոթողների «աղվանականացման» նպատակով Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, որը
կոչված է փոխակերպելու հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ։
Ադրբեջանն այսպիսի քայլերով շարունակում է մարտահրավեր նետել ողջ քաղաքակիրթ հանրությանը՝ ի
հեճուկս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված
հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է
Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման
գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ
պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Արցախի պատմամշակութային հուշարձանները պահպանելու և հետագա վանդալիզմից փրկելու նպատակով
այսօր առավել քան հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի
միջամտությունը, որի փաստահավաք առաքելությանն Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել»,- նշված է
Հունաստանում Հայաստանի դեսպանատան հայտարարության մեջ: