Ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպան Երևանում 3-սենյականոց բնակարան կստանա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանում ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան:

ԱԺ-ն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ 58 կողմ ձայնով ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև՝ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում: Բացի այդ նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով, այն է՝ զոհվելու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին:

Ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 20 տարի: Սպան բնակարանի սեփականության իրավունքը կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո: Այսպիսով՝ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը 28.5 մլն դրամ է սահմանված: