Այդպես էլ չհասկացանք՝ ո՞վ էր ղեկավարում պատերազմը․ Գագիկ Մելքոնյանը՝ Սուրեն Պապիկյանին

44-օրյա պատերազմի ժամանակ մենք այդպես էլ չհասկացանք՝ ո՞վ էր ղեկավարում պատերազմը։ Ամեն մեկն իր վրայից գցում էր պատասխանատվությունը, և վերջում պարզվեց՝ մեղավորը վարչապետն է: Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը.

«Հիմա ուզում եմ հասկանալ, երբ ԳՇ պետը դառնում է ՊՆ նախարարի առաջին տեղակալ` պատերազմի դեպքում պատասխանավությունը ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պետի՞, թե նախարարի»,- ասաց Մելքոնյանը։

Սուրեն Պապիկյանն արձագանքեց, թե յուրաքանչյուր անձ պատասխանատվություն կրում է իր գործողությունների համար, բայց քաղաքական պատասխանատուն հանդիսանում է պաշտպանության նախարարը.

«Յուրաքանչյուր անձ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում պետք է այդ լիազորություններն իրացնելու կամք ունենա:

Նոր օրենքով հստակ նշվում է պաշտպանության նախարարի լիազորությունների շրջանակը։ Փաստաթղթերով թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ ԳՇ պետը ունեն հստակ պարտականություններ և լիազորություններ»,-ասաց Պապիկյանը: