Խաղաղությո՞ւն, թե ծուղակ. որքանով են հայանպաստ այդ գործընթացները (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։

 Փորձագետի հետ անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական, ինչպես նաև Հայաստանի գործուն մասնակցությամբ տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին։ Արմեն Պետրոսյանի խոսքով, ցավոք, այսօր մենք շարունակում ենք քաղել տխրահռչակ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դառը պտուղները, և ադրբեջանական կողմը նվազագույն փոխզիջման է գնացել։ Այստեղ ամենակարևորը երաշխիքներ ստանալն է, «եթե այդ երաշխիքները չլինեն և ադրբեջանական կողմը փորձի յուրովի մեկնաբանել այս նոր ճանապարհի իրավական կարգավորումը, ապա չի բացառվում, որ որևէ պահի կարող է փակել կամ այլ կամայականություն թույլ տալ այդ ճանապարհի հետ կապված, որքանով էլ որ այնտեղ լինելու է և կա ռուսական վերահսկողություն», – ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ նրանք փորձելու են տանել երկկողմ օրակարգ Ռուսաստանի հետ համատեղ՝ շրջանցելով Հայաստանին։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատին՝ փորձագետն ընդգծեց, որ այսօր ականատես ենք լինում ոչ միայն աշխարհակարգի, այլև միջազգային իրավակարգի փոփոխության, իսկ Մինսկի ֆորմատը դա իրավական մեխանիզմ է, և քանզի տեղի է ունենում գլոբալ գործընթաց, հնարավոր է որոշակի փուլում անհնարին դարձնի այս ձևաչափի վերակենդանացումը։

Արմեն Պետրոսյանի հետ խոսել ենք նաև հայ-թուրքական բանակցություններից և Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ՝ Վիեննայում տեղի ունեցած չորրորդ հանդիպումից․ որքանով է Թուրքիան շահագրգռված այդ հարաբերությունների կարգավորմամբ, ինչ հռետորաբանությամբ է նա պատճառաբանում այդ հարաբերությունների դանդաղ ընթացքը, և որքանով են այդ հարաբերությունները նպաստավոր թե մեզ, թե աշխարհի համար։

Մանրամասները՝ տեսանյութում