Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. ՊՆ նախարար

Մեր սպաներն այսօր տանիք ունենալու խնդիր են լուծում. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ և որոշակիորեն ծանր պայմաններով բնույթի և ներկա դրությամբ արդեն իսկ ոչ համարժեք վարձատրության և սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ:

Սուրեն Պապիկյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության և ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան:

Ընդ որում, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով:

Զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին:

Համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

Նշվել է, որ նախագիծը սոցիալական տեսանկյունից կունենա դրական ազդեցություն և միաժամանակ կխթանի սպայական կազմի համալրմանը:

Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, նշելով, որ հարցը լայնածավալ նախնական քննարկման փուլ է անցել, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովի անդամները կողմ են արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: