Դավիթ Տոնոյանի փաստաբանները ցանկանում են, որ նա տեսակցի լրագրողների հետ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական խումբն արձանագրում է Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտումը:

Ինչպես արդեն նշել էինք, Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով 27.06.2022թ. նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալում էինք, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվի ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ. Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդի՝ հաջորդ դատական նիստը նշանակելով 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ որպես այդպիսին կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո:

Սա այն ակներև ցուցիչն է, որը խոսում է ողջամիտ ժամկետների անտեսման և Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտման մասին:

Հավելենք, որ հաջորդ դատական նիստի ընթացքում Դ. Տոնոյանի փաստաբանական խումբը, բացի դատավոր Մ. Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, նաև միջնորդելու է մասնակիորեն վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը՝ թույլատրելով ԶԼՄ ներկայացուցչների հետ տեսակցությունը»։